Ապրելավայր
Հողային նապաստակների ամենափոքր ներկայացուցիչն է։ Մարմնի երկարությունը կազմում է 90-137 մմ, պոչինը՝ 140-190 մմ, թաթի միջին երկարությունը 49-55 մմ է։ Գանգի երկարությունը 24-27,7 մմ է։ Կողքային մատների ծայրերը չեն հասնում միջին մատների հիմքին։ Մատների հիմքերի բարձիկները կլորավուն են և բարձր։ Ականջի երկարությունը հավասար է մարմնի երկարության 30%-ին։ Կենդանու քաշը 32-77 գր է։ Մարմինը մեջքի կողմից ունի դեղնամոխրագույն գունավորում։ Որոշ պոպուլյացիաներում կարող են հանդիպել առանձնյակներ, որոնց մեջքին՝ ողնասյան երկայնքով, առկա է մուգ մոխրագույն գիծ։ Մեջքի և կողքերի գունավորման սահմանը լավ արտահայտված է։ Պոչի ծայրի վրձնանման մազափունջը վերևից եռագույն է. հիմքում դեղնավուն է, միջին հատվածում՝ սև, և սպիտակ՝ ծայրում։ Ներքևի կողմից սև դաշտը կարող է բաժանված լինել 2 մասի դեղնավուն շերտով, որը միանում է սպիտակին։ Բնակվում են անապատային, կիսաանապատային գոտիներում։ Նախընտրում են կավահողեր և աղուտներ։ Իսկական ավազուտներում հանդիպում են հազվադեպ։ Օպտիմալ կենսամիջավայր է հանդիսանում բաց տարածության և բուսականության զուգորդմամբ տեղամասերը։ Վարում են գիշերային կենսակերպ։ Կառուցում են բներ, որոնց երկարությունը սովորաբար մոտ է 120 սմ։ 35-80 սմ խորության վրա գտնվում է բնային խցիկը։
Ակտիվություն և սնունդ
Սնվում են խոտաբույսերի ցողուններով և սերմերով, ինչպես նաև ստորգետնյա հատվածներով, երբեմն կենդանական կերով, որն ընդհանուր կերաբաժնում կազմում է փոքր տոկոս։ Մեկ կենդանու կենսատարածքը կազմում է մոտ 1 հա։ Ունեն ձմեռային քնի շրջան, որի սկիզբը և տևողությունը կախված են տեղանքի կլիմայական պայմաններից։
Բազմացում
Բազմանում են գարնանից աշուն ժամանակահատվածի ողջ ընթացքում։ Հղիությունը տևում է 21 օր։ Սեռահասուն են դառնում 2.5-3.5 ամսեկան հասակում։ Ծնվում են 3-6 անպաշտպան ձագեր։
Տարածումը Հայաստանում
ՀՀ-ում հանդիպում են Արագածոտնի մարզի հարավային շրջաններում, Արմավիրի և Արարատի մարզերում, ինչպես նաև Երևանի շրջակայքում։
Պահպանության կարգավիճակ
ՀՀ Կարմիր գրքում այս տեսակը գրանցված է նեղ արեալային էնդեմիկ վտանգված կարգավիճակով։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գրանցված է չվտանգված տեսակ կարգավիճակով LC (Least concern)։
Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։