Նկարագրություն
Պոնտական անտառամուկը երկար տարիներ համարվել է Դեղնակուրծք անտառամկան ենթատեսակ։ Միայն վերջին հետազոտություններն են ցույց տվել, որ դրանք հանդիսանում են առանձին տեսակներ։ Արտաքին կառուցվածքով և վարքագծով շատ նման են, այդ իսկ պատճառով արտաքին ձևաբանական հատկանիշներով դրանց տարբերակումը մանավանդ դաշտային պայմաններում գրեթե անհնար է։ Այս երկու տեսակների տարբերակման համար անհրաժեշտ է իրականացնել գենետիկական և դենտոլոգիական մանրակրկիտ ուսումնասիրություն։
Ակտիվություն և սնունդ
Որպես ամենակեր տեսակներ՝ սնվում են սերմերով, ընկույզներով, մրգերով և միջատներով։ Սրանք ձմռանը սնունդ են կուտակում անվտանգ վայրերում՝ ցուրտ ամիսներին իրենց գոյատևումն ապահովելու համար։ Այս վարքագիծը կենսական նշանակություն ունի նրանց գոյատևման համար, հատկապես այն վայրերում, որտեղ ձմեռները խիստ են։ Երկու տեսակներն էլ գիշերային, ամենակեր և անտառային բնակիչներ են։ Չնայած ձևաբանական նմանություններին՝ Պոնտական և Դեղնակուրծք անտառամկները տարբեր տեսակներ են, ինչի մասին վկայում են գենետիկական, էկոլոգիական և կենսաշխարհագրական տվյալները։ Այս տեսակները սովորաբար բազմանում են մարտից հոկտեմբեր՝ ծննդաբերելով տարվա ընթացքում 3-ից 6 անգամ։ Ձագերի քանակը սովորաբար 4-ից 7 է։ Հղիությունը տևում է 23 օր։ Սեռահասուն են դառնում երկու-երեք ամսական հասակում, ինչը նրանց հնարավորություն է տալիս արագ բազմանալ բարենպաստ պայմաններում։
Տարածումը Հայաստանում
Հնարավոր է, որ Հայաստանում բնակվում են տարբեր էկոլոգիական պայմաններում, բայց նրանց տարածման արեալներն ունեն որոշակի վերածածկ։ Հայաստանում այս տեսակների համատեղ առկայության և նրանց էկոլոգիայի վերաբերյալ անհրաժեշտ են նոր և մանրակրկիտ հետազոտություններ։ Այս անտառամկները մանր կրծողներ են։ Նրանց մարմնի երկարությունը՝ գլխից մինչև պոչ, տատանվում է 93-ից մինչև 121 մմ, պոչը սովորաբար հավասար է մարմնի երկարությանը։ Մորթին փափուկ է։ Գույնը տատանվում է դեղնավուն շագանակագույնից մինչև կարմրավուն, իսկ փորի մասը՝ սպիտակ։ Կրծքավանդակի վրա նկատելի է դեղնավուն բիծ, որը ավելի քիչ է արտահայտված Պոնտական անտառամկան մոտ։ Պոչը թեթևակի երկգույն է։ Ականջները մեծ են, աչքերը՝ խոշոր։ Հետևի վերջույթներն երկար են առջևի վերջույթներից։ Դեղնակուրծք անտառամուկը լայն տարածում ունի Կենտրոնական և Հարավային Եվրոպայում՝ տարածվելով դեպի Արևմտյան Ասիա։ Պոնտական անտառամուկը սահմանափակվում է Սևծովյան ափամերձ անտառներով, ներառյալ հյուսիսային Թուրքիան, Կովկասը և Հայաստանի հյուսիսային շրջանները։ Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս տեսակների տարածման ողջ արեալում հնարավոր են սիմպատրիայի գոտիներ, սակայն հիբրիդացման ապացույցները սահմանափակ են։ Հայաստանում հավանաբար Պոնտական անտառամուկը տարածված է Լոռվա և Տավուշի մարզերի անտառներում, իսկ Դեղնակուրծք անտառամուկը ավելի հարավ։
Պահպանության կարգավիճակ
ԲՊՄՄ Կարմիր ցուցակում երկու տեսակներն էլ գրանցված են չվտանգված տեսակ կարգավիճակով LC (Least concern)։
Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։