Նկարագրություն
Մանր կրծողներ են։ Մարմնի երկարությունը չի գերազանցում 100 մմ-ը։ Պոչի երկարությունը սովորաբար կարճ է, երբեմն՝ հավասար, հազվադեպ՝ երկար, մարմնի երկարությունից։ Թաթի երկարությունը չի գերազանցում 23 մմ-ը։ Աչքերը փոքր են։ Ակնաճեղքը 4-4,5 մմ է։
Ակտիվություն և սնունդ
Որպես բուն հիմնականում օգտագործում են բնական թաքստոցները՝ ծառերի փչակներ, մերձարմատային դատարկություններ, խորշեր, երբեմն զբաղեցնում են դաշտամկների լքված բները։ Տափաստանային գոտում փորում են պարզ բներ՝ 1-2 մուտքերով և 1-2 խցիկներով։ Ակտիվ են հիմնականում մթնշաղին և գիշերը։ Հանդիսանում են անտառային վնասատուներ։ Կարող են լինել մոտավորապես 20 հիվանդությունների կրողներ և տարածողներ։ Հիմնական սնունդը ծառերի սերմերն են, երկրորդ տեղում են հատապտուղները և կենդանական կերը՝ հիմնականում միջատներ, իսկ երրորդ տեղում են բույսերի կանաչ հատվածները։ Տարվա ընթացքում հստակ նկատելի է կերի սեզոնային փոփոխություն։
Բազմացում
Ձմեռած առանձնյակները բազմանում են տարին 2–4, իսկ երիտասարդները՝ 1, հազվադեպ 2 անգամ։ Ունենում են 5-7 ձագ։
Տարածումը Հայաստանում
ՀՀ-ում հանդիպում են գրեթե ամենուր։ Հիմնականում հանդիպում են անտառային գոտիներում։ Այս միջավայրով չի սահմանափակվում նրանց տարածման արեալը։ Այս կենդանիները հանդիպում են նաև թփուտներում, անտառային գետերի ափամերձ տարածքներում, բարձրանում են մինչև ենթալպիական և ալպիական գոտիներ։
Պահպանության կարգավիճակ
ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գրանցված է չվտանգված տեսակ կարգավիճակով LC (Least concern)։
Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։