Նկարագրություն
Այս տեսակին բնորոշ են ցեղին հատուկ բոլոր ձևաբանական և վարքագծային առանձնահատկությունները։
Ապրելավայր
Բնակվում են բներում, որոնք գտնվում են մինչև 1 մ խորության վրա։ Մուտքերի քանակը կախված է տեղանքից և գրունտի որակից։ Բունը կազմված է 1 հիմնական և 1-2 պահուստային խցերից։ Ամռան ընթացքում ակտիվ են հիմնականում գիշերը։
Բազմացում
Բազմանում են տարվա տաք սեզոնին 4-6 անգամ՝ ունենալով 6-8 ձագ։ Էգերը սեռահասուն են դառնում 40 օրական հասակում, իսկ հղիությունը տևում է 20-23 օր։ Այս տեսակի վարքագծում նկատելի է կերի սեզոնային փոփոխություն։ Մասնավորապես, ամռանը սնվում են ջրային և մարգագետնային բույսերի կանաչ հատվածներով, իսկ տարվա ցուրտ եղանակներին կերում գերակշռում են բույսերի ստորգետնյա հատվածները և կեղևը։ Կարող են որպես սնունդ օգտագործել նաև կենդանական կեր՝ միջատներ, թրթուռներ և փափկամարմիններ։
Տարածումը Հայաստանում
Հայաստանում այս տեսակը բնակվում է հիմնականում ջրաճահճային տարածքներում՝ գերադասելով մաքուր ջրով և չաղտոտված ափերով գետերի ափամերձ տարածքները, լճերը, ջրամբարները և ճահճուտները՝ ուղղաձիգ տարածվելով 700-3200 մ բարձրություններում։ ՀՀ-ում տարածված են գրեթե ամենուր, որտեղ առկա են վերը նշված կենսամիջավայրերը և պայմանները։
Պահպանության կարգավիճակ
ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գրանցված է չվտանգված տեսակ կարգավիճակով LC (Least concern)։
Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։