Նկարագրություն
Մարմնի երկարությունը 71–85 սմ, զանգվածը՝ 7–15 կգ, պոչը մարմնի երկարության մոտ 1/3-ն է․ մորթին կեղտոտ շիկամոխրագույն է՝ մեջքին սև երանգով (Павлинов и др., 2002)։ Հասուն առանձնյակների միջին զանգվածը՝ մոտ 11,0 կգ (Myhrvold et al., 2015)։ Տարբերակիչ հատկանիշներ. Գայլից տարբերվում է ավելի բարեկազմ կառուցվածքով, փոքր չափերով, նույն չափերի ընտանի շներից՝ ուղիղ, սովորաբար ներքև իջեցված պոչով, ավելի նեղ դնչով։
Ապրելավայր
Բնակեցնում է հարթավայրերի և ցածրլեռների կիսաանապատները, մնում է գետերի, առվակների, ճահիճների և լճերի հովիտների թավուտներում։
Ակտիվություն և սնունդ
Գործնականում ամենակեր է. սնվում է մանր կաթնասուններով, ճահճային և ջրլող թռչուններով (ավերում է նաև դրանց բները), սողուններով, երկկենցաղներով, սատկած ձկներով, միջատներով և լեշով։ Այցելում է բնակավայրերի մոտ գտնվող աղբանոցները։ Սննդակարգում մեծ տեղ են զբաղեցնում պտուղները և հատապտուղները, այդ թվում՝ խաղողը, ձմերուկը, սեխը։
Բազմացում
Միամուսին է։ Զուգավորումը տեղի է ունենում փետրվարին, հղիությունը տևում է 60–63 օր, էգը ծնում է 2–8 ձագ։ Էգը ձագերին կերակրում է կաթով 2–3 ամիս, 6–7 ամսականում նրանք ինքնուրույն են դառնում և որսում են միայնակ կամ խմբերով։ Էգերը սեռահասուն են դառնում մոտ մեկ տարեկանում, արուները՝ երկու։ Միջին տվյալներով՝ ձագերի միջին թիվը մեկ ծնում՝ 4,0, ծնունդների միջին թիվը տարեկան՝ 1,1, հղիությունը՝ մոտ 62 օր, կաթով կերակրումը՝ մոտ 70 օր, էգերի սեռահասունացումը՝ մոտ 11 ամսականում, առավելագույն հայտնի կյանքի տևողությունը՝ 19 տարի (Myhrvold et al., 2015)։
Ընդհանուր արեալ
Հյուսիսային Աֆրիկա (ըստ ժամանակակից տվյալների՝ աֆրիկյան պոպուլյացիաները առանձնացվում են որպես C. lupaster), Հարավարևելյան Եվրոպա, Հարավարևմտյան և Հարավային Ասիա (արևելքում մինչև Հնդկաստան), Միջին Ասիա, Կովկաս և Անդրկովկաս։ Տարածմանը նպաստում է ակտիվ միգրացիոն վարքը և մարդածին լանդշաֆտներն օգտագործելու ունակությունը։
Տարածումը Հայաստանում
Հայաստանում հանդիպում է Արաքս գետի հովտի եղեգնուտներում և թփուտներում, Սևանա լճի ավազանում, Սյունիքի մարզի լեռնատափաստանային տեղամասերում և անտառեզրերում՝ ծովի մակարդակից 550–2050 մ բարձրություններում։ XX դարի կեսին հանդիպում էր միայն Արաքսի հովտի եղեգնուտներում և թփուտներում՝ Մեղրիից մինչև նախկին Հոկտեմբերյանի (Արմավիր) շրջան, ծ.մ. 545–840 մ (Даль, 1954)։ Վերջին տարիներին պոպուլյացիան կտրուկ աճել է գայլերի թվաքանակի նվազման հետ կապված։
Պահպանության կարգավիճակ
IUCN՝ LC։
Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։