Կաթնասունաբանների հայկական ասոցիացիա
Հայաստանի կաթնասունները › Զույգսմբակավորներ

Այծյամ

Capreolus capreolus

Անվտանգություն. Դիտեք հեռվից և մի՛ հետապնդեք. շատերը պահպանվող տեսակներ են։ Բնության մեջ պաշտպանվեք տզերից (Ղրիմ-Կոնգոյի տենդ)։ Ավելին՝ «Անվտանգություն և առողջություն» էջում

Նկարագրություն

Հասուն առանձնյակների միջին զանգվածը՝ մոտ 21,7 կգ (Myhrvold et al., 2015)։

Ապրելավայր

Բնակեցնում է սաղարթավոր և խառն անտառների տարբեր տիպեր և անտառատափաստան։ Նախընտրում է հարուստ թփային ենթանտառով, մարգագետիններով և դաշտերով շրջապատված նոսր անտառի տեղամասեր, կամ (ամռանը) թփերով պատված բարձրախոտ մարգագետիններ։

Ակտիվություն և սնունդ

Այծյամի սննդակարգը ներառում է մոտ 900 տեսակի բույս․ նախապատվությունը տրվում է հեշտ մարսվող, սննդանյութերով և ջրով հարուստ բուսական կերին՝ բույսերի երիտասարդ մասերին։ Բույսերի չոր և խիստ փայտացած մասերը, կոշտ հացազգիները և բոշխերը, թունավոր նյութեր պարունակող բույսերը սովորաբար չի ուտում կամ ուտում է դժկամությամբ։ Սննդակարգի կազմը փոխվում է կախված բնակավայրից, տարվա եղանակից, կերի մատչելիությունից և առատությունից, կենդանու ֆիզիոլոգիական վիճակից։ Հանքային նյութերի պակասը լրացնելու համար այծյամներն այցելում են աղուտներ կամ խմում են հանքային աղերով հարուստ աղբյուրների ջուր։ Ջուրը ստանում են հիմնականում բուսական կերից, սակայն մոտակայքում ջրավազանների առկայության դեպքում պարբերաբար այցելում են դրանց։ Ամռանը մնում են միայնակ, ձմռանը՝ մինչև 20–30 առանձնյակից բաղկացած խառը խմբերով։

Բազմացում

Բազմամուսին են։ Զուգավորումը տեղի է ունենում հուլիսի կեսից մինչև օգոստոս, ձագերը ծնվում են մայիս–հունիսին, մեկ ծնում՝ 1–2 ձագ (Павлинов и др., 2002)։ Միջին տվյալներով՝ ձագերի միջին թիվը մեկ ծնում՝ 1,8, ծնունդների միջին թիվը տարեկան՝ 1,1, հղիությունը՝ մոտ 153 օր, կաթով կերակրումը՝ մոտ 89 օր, էգերի սեռահասունացումը՝ մոտ 14 ամսականում, առավելագույն հայտնի կյանքի տևողությունը՝ 18 տարի (Myhrvold et al., 2015)։

Ընդհանուր արեալ

Ժամանակակից արեալն ընդգրկում է ամբողջ Եվրոպան (ներառյալ Մեծ Բրիտանիան և Սկանդինավյան թերակղզին), Ռուսաստանի եվրոպական մասը, Նախակովկասը և Անդրկովկասը, Առաջավոր Ասիան, Թուրքիան, Սիրիան, Իրաքի հյուսիս-արևելքը և Իրանի արևմուտքը։ Զուտ փշատերև անտառում հանդիպում է միայն սաղարթավոր ենթանտառի առկայության դեպքում։ Իսկական տափաստանների, կիսաանապատների և անապատների գոտում բացակայում է։ Համատարած անտառներից խուսափում է, մնում է անտառեզրերում։

Տարածումը Հայաստանում

Հայաստանում առավել բարենպաստ գոտին ծովի մակարդակից 500–1500 մ է, սակայն լեռներում կարող է բարձրանալ մինչև ենթալպյան և նույնիսկ ալպյան մարգագետիններ՝ մինչև 3500 մ։ XX դարի կեսին գրանցված էր ծ.մ. 700–2200 մ, մասնավորապես Ստեփանավանի, Ալավերդու, Կիրովականի, Իջևանի, Շամշադինի և Կրասնոսելսկի շրջանների անտառներում, առավել շատ՝ Ղափանի և Մեղրու շրջաններում (Даль, 1954)։ Հանդիպում է Հայաստանի բոլոր անտառային և անտառապատ տարածքներում, այդ թվում՝ Կոտայքի մարզի Ծաղկունյաց լեռներում, Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերում (հեղինակների տվյալներ)․ Դիլիջանի անտառների տեղաբնիկ է (Заповедники Кавказа, 1990)․ Հարավ-Արևմտյան և Հարավային Հայաստանում այն ընձառյուծի որսատեսակներից է (ՀՀ Կարմիր գիրք, 2010)։ Ստուգված գրանցումներ կան BioRange բազայում (2026)։

Պահպանության կարգավիճակ

ՀՀ Կարմիր գրքում (2010) ընդգրկված չէ։ IUCN՝ LC (MDD, 2026)։

Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։