Կաթնասունաբանների հայկական ասոցիացիա

Եվրոպական ձյան դաշտամուկ

Chionomys nivalis

Անվտանգություն. Կրծողները կարող են կրել տուլարեմիա, լեպտոսպիրոզ, հանտավիրուսներ, իսկ Հայաստանի բնական օջախներում՝ նաև ժանտախտ։ Սատկած կրծողներին մի՛ դիպչեք, աղտոտված տարածքները մաքրեք խոնավ եղանակով՝ ձեռնոցներով և դիմակով։ Ավելին՝ «Անվտանգություն և առողջություն» էջում

Նկարագրություն

Մարմնի երկարությունը մինչև 145 մմ է, պոչինը՝ մինչև 60 մմ։ Մեջքի գունավորումը մոխրագույնի բաց երանգների է, պոչը՝ սպիտակավուն, միատոն։ Ականջախեցիները փակվում են մորթու տակ և նկատելի չեն։

Ապրելավայր

Բնակվում են քարակույտերում և ժայռաճեղքերում, սակայն տեսակի նախընտրելի կենսամիջավայրը քարացրոններն են։ Ժայռային էկոտոպերում բնակության պարտադիր պայման է խորշերի ու ճեղքերի առկայությունը, որոնց բացակայության դեպքում ձյան դաշտամկները տվյալ տարածքներում չեն հանդիպում։ Այլ կենսավայրեր տեսակն այցելում է սննդառության կամ միգրացիաների ժամանակ և մշտական բնակություն չի հաստատում։ Այս առանձնահատկությամբ պայմանավորված՝ տեսակի արեալն ունի խիստ մոզայիկ («ժանյակավոր») և տեղային բնույթ։ ՀՀ-ում տարածված են գրեթե ամենուր, բացառությամբ անտառների և Արարատյան դաշտավայրի։ Հանդիպում են կմախքային լեռներում, լեռնատափաստանային, լեռնամարգագետնային և նիվալ գոտիներում՝ 700-3815 մ բարձրություններում։

Ակտիվություն և սնունդ

Բաց մարգագետիններում սնվում են քարացրոնների շրջակայքում աճող խոտաբույսերով, գերադասելով հացազգիները և լոբազգիները, բայց ցածրադիր գոտիներում կարող են սնվել նաև այլ կենդանիների համար ոչ պիտանի՝ փշոտ, դառնահամ և նույնիսկ թունավոր բույսերով։ Քարացրոնների ներսում կարող են սնվել մամուռով։ Նույնպես քարացրոնների ներսում կուտակում և պահեստավորում են քարերի տակ նախապես չորացրած ձմեռային կերապաշարը։

Բազմացում

Բազմանում են հունիս-սեպտեմբեր ամիսներին՝ ունենալով 6-8 ձագ։

Պահպանության կարգավիճակ

ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գրանցված է չվտանգված տեսակ կարգավիճակով LC (Least concern)։

Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։