Կաթնասունաբանների հայկական ասոցիացիա

Հայկական սպիտակատամ

Crocidura armenica

Անվտանգություն. Մերկ ձեռքով մի՛ վերցրեք. ոզնիների և սրնչակների վրա կարող են լինել տզեր, մաշկային սնկեր և սալմոնելներ։ Շփումից հետո լվացեք ձեռքերը։ Ավելին՝ «Անվտանգություն և առողջություն» էջում

Նկարագրություն

Կարգաբանական նշում. տեսակն ընդգրկվում է Crocidura pergrisea տեսակախմբում։ Այս որոշիչում Crocidura armenica Gureev, 1963 ընդունվում է որպես ինքնուրույն տեսակ՝ 2024 թվականի միկրոհամակարգչային տոմոգրաֆիայի և գենետիկական տվյալների վրա հիմնված վերանայման համաձայն։ Որոշ միջազգային անվանացանկեր դեռ կարող են այն համադրել Crocidura arispa-ի հետ։ Crocidura pergrisea-ն Հայաստանի հիմնական տեսակների ցանկում չի ներառվում։ միջին չափերի սպիտակատամ է։ Մարմնի երկարությունը 57–75 մմ, պոչինը՝ 43–54 մմ, հետին թաթինը՝ 11–14 մմ։ Գունավորումը երկգույն է, մեջքը՝ դարչնամոխրագույն՝ ծխագույն երանգով, որը պայմանավորված է քիստային մազերի երկգույն ծայրերով։ Վերին և ստորին գունավորման սահմանը հստակ չէ, պոչը թույլ երկգույն է։ Գանգը համեմատաբար խոշոր է, կոնդիլոբազալ երկարությունը՝ 18,0–19,1 մմ (18,0–18,3 մմ՝ Зайцев и др., 2014-ի «C. pergrisea»-ի համար, 17,96–19,06 մմ՝ Voyta et al., 2024-ի Ջուլֆայի նմուշների համար), ռոստրումի լայնությունը՝ 5,2–6,1 մմ, ուղեղային բաժինը՝ լայն և տափակած։ Վերին բազմագագաթ ատամների շարքի երկարությունը 4,3–4,9 մմ է։ A3-ի հետին եզրը P4-ի առջևի մակերեսին հպվում է կետային, ոչ թե ամբողջ եզրով։

Ապրելավայր

Տեսակի կենսավայրը և կենսաբանությունը հատուկ ուսումնասիրված չեն։ Այն պատկանում է ժայռային սպիտակատամների խմբին (Voyta et al., 2024)։ Գառնիի (տիպային վայր, մոտ 1400 մ) և Ջուլֆայի (700–1200 մ) վայրերը նկարագրված են որպես ժայռեր և քարաբեկորներ (rocks, stone debris; Voyta et al., 2024, Table S3)։ Նույն խմբի C. serezkyensis-ի հիմնական կենսավայրը քարակույտերն ու ժայռային ելքերն են, հաճախ ենթալպյան գոտում (Зайцев и др., 2014)։

Ընդհանուր արեալ

տեսակը նկարագրվել է 1963 թվականին Հայաստանի նյութի հիման վրա։ Հայտնի են գտածոներ Գառնիի և Սիսիանի շրջակայքից, ինչպես նաև պատմական նյութ Նախիջևանից։

Տարածումը Հայաստանում

Սիսիանի գտածոն, հավանաբար, համապատասխանում է Даль, 1954-ի «Crocidura zarudnyi»-ին. այն որսվել է Սիսիանի մոտ՝ ժայռոտ զանգվածի քարայրում, ծ.մ. 1620 մ բարձրության վրա, և նշված է որպես շատ հազվադեպ տեսակ։

Պահպանության կարգավիճակ

Հայաստանի Կարմիր գրքում (2010) ընդգրկված չէ։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գնահատված է որպես «Data Deficient» (DD, տվյալները անբավարար են) (IUCN)։

Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։