Նկարագրություն
Կարգաբանություն. Վայրի ձիու (Equus ferus Boddaert, 1785) ընտելացված ձևն է։ Ընտանի ձիու ականջները չափավոր մեծության են (գլխի կեսից շատ կարճ), բաշը երկար է, կախված, պարանոցը երկար և մկանուտ, իրանը կլորացած, պոչը երկար մազերով պատված է հենց հիմքից․ մաստերը չափազանց բազմազան են։ Հասուն առանձնյակների միջին զանգվածը՝ մոտ 250,0 կգ (Myhrvold et al., 2015)։ Տարբերակիչ հատկանիշներ. Էշից տարբերվում է մարմնի խոշոր չափերով, ավելի փոքր գլխով, կարճ ականջներով, երկարամազ պոչով։
Բազմացում
Հղիությունը տևում է մոտավորապես 335–340 օր (11 ամիս)։ Սովորաբար զամբիկը ծնում է մեկ, ավելի հազվադեպ՝ երկու քուռակ։ Քուռակը ծնվում է տեսնող և մի քանի րոպե անց կարող է կանգնել և քայլել․ ծծում է 4–6 ամիս։ Տարիքը որոշվում է կտրիչների փոփոխությամբ և դրանց ծամող մակերեսի փոսիկների մաշվածությամբ. ստորին ծնոտի ներքին զույգի փոսիկները մաշվում են 5–6, միջին զույգինը՝ 7, արտաքինինը՝ 8 տարեկանում, այնուհետև նույն հաջորդականությամբ՝ վերին ծնոտում․ 11–12 տարեկանից, երբ փոսիկներն անհետանում են բոլոր կտրիչներից, տարիքը որոշվում է դժվարությամբ։ Ձին 3 տարեկանում դառնում է բազմացման ընդունակ։ Միջին տվյալներով՝ ձագերի միջին թիվը մեկ ծնում՝ 1,0, ծնունդների միջին թիվը տարեկան՝ 1,0, հղիությունը՝ մոտ 338 օր, կաթով կերակրումը՝ մոտ 274 օր, էգերի սեռահասունացումը՝ մոտ 30 ամսականում, առավելագույն հայտնի կյանքի տևողությունը՝ 62 տարի (Myhrvold et al., 2015)։
Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։