Նկարագրություն
Միջին կամ խոշոր չափերի կենդանի է։ Մարմնի զանգվածը՝ 426–1305 գ, մարմնի երկարությունը՝ 200–352 մմ, պոչինը՝ մինչև 50 մմ, հետին թաթինը՝ 34–44 մմ։ Գանգի կոնդիլոբազալ երկարությունը՝ 50,8–62,0 մմ։ Արուները սովորաբար էգերից խոշոր են։ Համեմատաբար երկար և ամուր փշերը հարթ են՝ առանց թմբիկների (Mittermeier, Wilson, 2018), երկայնական ակոսները թույլ են արտահայտված։ Փշերի միջև կան նոսր մազեր։ Գլուխը խոշոր է, սեպաձև, արտահայտված շարժուն կնճիթանման դնչով։ Ականջներն ու աչքերը լավ զարգացած են։ Ականջախեցու երկարությունը չի գերազանցում գլխի երկարության կեսը։ Գլխի փշածածկ հատվածում միջին գծով անցնում է նեղ մերկ մաշկային շերտ։ Փշերի մուգ գոտիների գույնը տատանվում է բաց դարչնագույնից մինչև մուգ շագանակագույն։ Մարմնի որովայնային կողմի մազածածկը կազմված է երկարությամբ և կոշտությամբ տարբեր մազերից։ Մարմնի վերին կողմը մոխրագույն կամ մուգ մոխրագույն է՝ փշերի մուգ ծայրերով, երբեմն՝ գրեթե սև, իսկ որոշ առանձնյակների մոտ՝ ավելի բաց մոխրագույն։ Որովայնային կողմը միագույն դարչնավուն կամ մոխրագույն է, կամ երկգույն՝ կրծքի սպիտակ բծի պատճառով։ Կրծքային բծի չափերն ու ուրվագիծը լայնորեն փոփոխական են։ Ատամնային բանաձևը՝ Վերին ժանիքը սովորաբար միարմատ է կամ ունի միմյանց հետ միաձուլված երկու արմատ, հազվադեպ՝ երկու հստակ առանձնացված արմատ։
Ապրելավայր
Բնակվում է կիսաանապատներում, լեռնային տափաստաններում, մարգագետնատափաստաններում և անտառային գոտում։ Սովորական է այգիներում և գետահովիտներում, որտեղ առկա են թփուտներ ու գետամերձ անտառաշերտեր։ Հանդիպում է նաև հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածքներում և պտղատու այգիներում։ Տարածված է ծովի մակարդակից 725–2500 մ բարձրությունների վրա։ Բները կառուցում է ծառերի ու թփերի արմատների տակ, այլ կենդանիների լքված բներում և ժայռերի ճեղքերում՝ ներսը պատելով խոտով, մամուռով և տերևներով։ Որջերն ու բները սարքում է խոզանի կույտերում, աղվեսների ու գորշուկների լքված բներում և ժայռերի ճեղքերում (Даль, 1954)։
Ակտիվություն և սնունդ
Հայաստանում ձմռանը անցնում է ձմեռային քնի, որի տևողությունն ու խորությունը փոփոխվում են եղանակային պայմաններից կախված, սովորաբար՝ նոյեմբերից ապրիլ։ Օրվա ընթացքում առավել ակտիվ է մթնշաղին և գիշերը։ Սնվում է բազմազան, հիմնականում կենդանական ծագման կերով՝ տարբեր անողնաշարավորներով, հատկապես ուղղաթևերով, ինչպես նաև մանր ողնաշարավորներով՝ մանր կրծողներով, երկկենցաղներով, սողուններով, թռչունների ձվերով և ձագերով։ Բուսական կերից օգտագործում է պտուղներ, հատապտուղներ և գյուղատնտեսական բույսերի սերմեր։
Բազմացում
Զուգավորման շրջանը սկսվում է ապրիլին։ Հղիությունը տևում է 31–49 օր։ Սովորաբար սեզոնի ընթացքում ունենում է մեկ ծին՝ 4–8 ձագով։ Կարևոր նշանակություն ունի որպես մի շարք արտաքին մակաբույծների, մասնավորապես իքսոդային տզերի սնուցող տեր։ Չնայած պաշտպանական բնորոշ վարքագծին՝ փշոտ գնդի ձևով կծկվելուն, կարող է դառնալ տարբեր գիշատիչների որս։ Առավել վտանգավոր բնական թշնամիներից են բուն և աղվեսը։ Մեր դիտարկումներով այս կենդանիների ճանապարհատրանսպորտային մահացությունը հաճախակի է ավտոճանապարհներին։ Տարբերվում է բազմաթիվ թույների, այդ թվում՝ օձերի թույնի նկատմամբ բարձր դիմացկունությամբ։ Նույնիսկ իքսոդային տզերով ուժեղ վարակվածության դեպքում պահպանում է բարձր ակտիվություն։ Բարենպաստ է արձագանքում բնական էկոհամակարգերի որոշ մարդածին փոփոխություններին, մասնավորապես անտառապուրակային տարածքների ընդարձակմանը և ոռոգման ջրանցքների կառուցմանը, որոնք կարող են նպաստել տարածմանը։
Ընդհանուր արեալ
Տարածված է Արևմտյան և Արևելյան Եվրոպայում, Բալկանյան թերակղզում, Մերձավոր Արևելքում՝ Իսրայելից մինչև Թուրքիա, ինչպես նաև Կովկասում և Անդրկովկասում։
Տարածումը Հայաստանում
Հայաստանում հանդիպում է Լոռու, Տավուշի, Կոտայքի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, ինչպես նաև Երևանի այգիներում, պուրակներում և քաղաքի շրջակայքում։ Ըստ Даль, 1954-ի՝ հայտնի է Ալավերդու, Ստեփանավանի, Հոկտեմբերյանի, Աշտարակի և Կոտայքի շրջաններից, հայտնաբերվել է բվի (Bubo bubo) փսխուկներում Այոց ձորի լեռնաշղթայում, որսվել է Մեղրու և Կապանի շրջաններում։
Պահպանության կարգավիճակ
Հայաստանի Կարմիր գրքում (2010) ընդգրկված չէ։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գնահատված է որպես «Least Concern» (LC, չվտանգված) (IUCN)։
Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։