Նկարագրություն
Մարմնի երկարությունը կազմում է 130-180 մմ, պոչինը՝ 109-154 մմ, ականջինը՝ 16-26 մմ, թաթի երկարությունը՝ 23-30 մմ։ Հետին թաթերին ունի հինգ թմբիկ, իսկ առջևի թաթերին` 4։ Ունի ցեղին բնորոշ գունավորում։
Ակտիվություն և սնունդ
Վարում են բացառապես գիշերային կենսակերպ։ Ձմեռող տեսակ է։ Ձմեռային քուն մտնում է մոտավորապես հոկտեմբեր ամսին։ Քնի տևողությունը, մյուս քնամոլների հետ համեմատ, ամենաերկարատևն է՝ մինչև 6 ամիս, կախված բնակատեղի կլիմայական առանձնահատկություններից։ Քնից զարթնում են մայիս ամսին։ Խիստ բուսակեր կենդանիներ են։ Սնվում են բույսերի վեգետատիվ հատվածներով, ինչպես նաև սերմերով և մրգերով։
Բազմացում
Բազմանում են տարին մեկ անգամ։ Բազմացումը սկսվում է քնից դուրս գալուց 10-15 օր անց։ Հղիությունը տևում է 25-40 օր։ Ծնվում են 1-10, միջինում՝ 5-6 ձագեր։ Ինքնուրույն սնվել սկսում են կյանքի 25-րդ օրվանից։ 45 օրականից անցնում են ինքնուրույն կյանքի։ Սեռահասուն են դառնում կյանքի երկրորդ տարում։
Տարածումը Հայաստանում
ՀՀ-ում տարածված են Լոռվա և Տավուշի մարզերի անտառներում և այգիներում։ Փոքրաքանակ պոպուլյացիա նկարագրված է նաև Սյունիքի մարզի Գորիս քաղաքի շրջակայքում և վերջերս հանդիպել է նաև Կապանի մոտակա անտառներում։ Որպես բուն օգտագործում են փչակներ, արմատամերձ դատարկություններ, ինչպես նաև արհեստական շինություններ։ Մեկ բունը կարող են միաժամանակ օգտագործել մի քանի առանձնյակներ։
Պահպանության կարգավիճակ
ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գրանցված է չվտանգված տեսակ կարգավիճակով LC (Least concern)։
Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։