Կաթնասունաբանների հայկական ասոցիացիա

Շերտավոր բորենի

Hyaena hyaena

Անվտանգություն. Վայրի գիշատիչներին մի՛ մոտեցեք և մի՛ կերակրեք։ Անսովոր հանգիստ, մարդուց չվախեցող, բերանին փրփուր ունեցող կամ երերուն կենդանին կարող է կատաղած լինել։ Ավելին՝ «Անվտանգություն և առողջություն» էջում

Նկարագրություն

Բավական խոշոր կենդանի է։ Բարձրությունը թիակների մոտ մինչև 80 սմ, արուների զանգվածը՝ մինչև 55–60 կգ, բացառիկ դեպքերում՝ համապատասխանաբար 90 սմ և 70 կգ։ Արուները խոշոր են էգերից։ Բավական կարճ մարմնի առջևի մասի բարձրությունն ընդգծվում է մինչև 30 սմ երկարությամբ կոշտ մազերից կազմված բաշով, մինչդեռ մարմնի մյուս մասերում մազերի երկարությունը 7 սմ-ից ավելի չէ։ Մազածածկը կոշտ է, ուղիղ, մարմնի կողքերին՝ մուգ լայնական շերտերով։ Առջևի ոտքերը ուժեղ են, հետիններից երկար, մեջքի գիծը խիստ իջնում է դեպի գավակը։ Առջևի և հետին ոտքերին կա 4-ական մատ, որոնք միշտ սերտորեն իրար մոտ են։ Պարանոցը կարճ է, հզոր։ Գլուխը զանգվածեղ է, ծանր ստորին ծնոտով և մեծ, լայն, սրված ականջներով։ Ծամիչ մկանները խիստ զարգացած են, ինչի պատճառով գանգը շատ լայն է թվում։ Ատամները հզոր են, ունակ են կոտրելու ամենախոշոր ոսկորները, ժանիքները խոշոր են։ Ատամների թիվը 34 է։ Հասուն առանձնյակների միջին զանգվածը՝ մոտ 35,1 կգ (Myhrvold et al., 2015)։ Ատամնային բանաձևը՝

Ապրելավայր

Նախընտրում է չոր հուներով, ողողատներով, ձորակներով, ժայռոտ կիրճերով և քարանձավներով նախալեռները։ Ապրում է անապատային և տափաստանային բուսականությամբ, տեղ-տեղ պիստակենիով և գիհիով պատված ոչ բարձր կավային բարձունքներում։ Սիրով բնակեցնում է խիտ թփուտներով պատված տեղամասերը։ Խուսափում է բարձր լեռներից և ընդարձակ անտառներից։ Ջրի աղբյուրը պետք է գտնվի 10 կմ-ի սահմաններում։ Չի հանդիպում կայուն ձնածածկ ունեցող շրջաններում։

Ակտիվություն և սնունդ

Վարում է գիշերային կենսակերպ։ Ոհմակներ չի կազմում, ընտանեկան հիերարխիայում գլխավորը արուն է։ Գործնականում ամենակեր է. որսում է ցանկացած կենդանի, որին կարող է հաղթահարել, ուտում է միջատներ, ավերում է թռչունների գետնաբները, փորում է կրիաներին, սնվում է լեշով, կարող է հավաքել թափոններ։ Բույսերը սննդակարգի կարևոր մասն են կազմում։ Ձայնը լսվում է հազվադեպ՝ հիմնականում մռթմռթոց, մռնչյուն և կոպիտ խռպոտ ոռնոց։

Բազմացում

Հղիությունը տևում է 90–91 օր։ Ծնում է 2–4 կույր ձագ, որոնց աչքերը բացվում են մոտ մեկ շաբաթ անց։ Նրանց դաստիարակությանը մասնակցում են երկու ծնողները։ Սեռահասուն են դառնում 3–4-րդ տարում։ Միջին տվյալներով՝ ձագերի միջին թիվը մեկ ծնում՝ 2,5, ծնունդների միջին թիվը տարեկան՝ 1,4, հղիությունը՝ մոտ 90 օր, կաթով կերակրումը՝ մոտ 279 օր, էգերի սեռահասունացումը՝ մոտ 28 ամսականում, առավելագույն հայտնի կյանքի տևողությունը՝ 25 տարի (Myhrvold et al., 2015)։

Ընդհանուր արեալ

Բորենիազգիներից միակն է, որը հանդիպում է Աֆրիկա մայրցամաքից դուրս։ Բնակվում է ամբողջ Հյուսիսային Աֆրիկայում, Ասիայի զգալի մասում՝ Միջերկրական ծովից մինչև Բենգալյան ծոց։ Բնակեցնում է Թուրքիայի հարավն ու արևելքը, Իրանը, ամբողջ Արաբական թերակղզին, Պակիստանը, Աֆղանստանը, Նեպալը։ Հայաստանում, Թուրքմենստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Ղազախստանում և Ադրբեջանում շատ հազվադեպ է և պահպանվում է։

Տարածումը Հայաստանում

Հայաստանում մինչև 1940-ականները հազվադեպ նկատվում էր Արարատյան հարթավայրի կիսաանապատային լանդշաֆտներում, իսկ հետագայում տվյալները բացակայում էին (ՀՀ Կարմիր գիրք, 2010)։ 2010 թ. Հարավային Հայաստանում՝ Նռնաձոր գյուղի մոտ, հայտնաբերվել է մոտ 17–18 ամսական էգի դիակ, որը 60 տարուց ավելի ընթացքում տեսակի առաջին հաստատված գրանցումն էր․ նույն շրջանում գրանցվել են նաև մեկ այլ առանձնյակի հետքեր (Khorozyan et al., 2011)։ Ավելի վաղ գրականության տվյալներով (Սատունին, Դիննիկ) բորենին նշվել է Մեղրիի և Էջմիածնի շրջաններում, իսկ 1925 թ. դիտվել է Նովրուզլուի (Արտաշատի շրջան) շրջակայքում (Даль, 1954)։ Հեղինակների տվյալներով՝ տեսակի մասին տեղեկություններ կան Մեղրիի շրջանից և Արցախի Միջնավանի շրջակայքից, որը ՀՀ տարածք չէ, սակայն հավանական է, որ բորենին այդ կողմից կարող է մուտք գործել Հայաստան։

Պահպանության կարգավիճակ

ՀՀ Կարմիր գիրք (2010)՝ «Տարածաշրջանում անհետացած», RE։ IUCN՝ NT (MDD, 2026)։

Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։