Ակտիվություն և սնունդ
Բնակվում է ժայռոտ տեղանքներում, մացառուտներում, թփուտածածկ խանդակների լանջերին։ Վարում է բացառապես գիշերային կենսակերպ։ Որպես բուն կարող է օգտագործել քարայրեր, ժայռերի ճեղքեր, ինչպես նաև ինքնաշեն բներ, որոնց երկարությունը կարող է հասնել մինչև 20 մ-ի։ Սնվում են խոտաբույսերով, դրանց վերգետնյա զանգվածով, ինչպես նաև կոճղարմատներով և սոխուկներով։ Ձմռանն ուտում են ծառերի և թփերի կեղևները։ Մեկ գիշերվա ընթացքում կերի և ջրի հայթայթման համար կարող են անցնել մինչև 5 կմ տարածություն։
Բազմացում
Բնակվում են զույգերով կամ միամյա ձագերի հետ համատեղ։ Բազմանում են գարնանը՝ մարտ-ապրիլ, իսկ բարձրադիր վայրերում՝ մայիս-հունիս ամիսներին։ Հղիությունը տևում է 60-90 օր։ Էգը ծնում է 1-5, սովորաբար 3 ձագ։ Սեռահասուն են դառնում 2 տարեկան հասակում։ Մշակովի տարածքներին մոտ բնակվելու դեպքում կարող են մեծ վնաս հասցնել մշակաբույսերին։
Տարածումը Հայաստանում
ՀՀ տարածքում հանդիպում են Գեղարքունիքի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում՝ 550-2100 մ բարձրության վրա։
Պահպանության կարգավիճակ
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում որպես խոցելի տեսակ։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գրանցված է չվտանգված տեսակ կարգավիճակով LC (Least concern)։
Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։