Նկարագրություն
Մարմնի երկարությունը 70 սմ-ից պակաս է, սովորաբար 40–55 սմ, գանգի կոնդիլոբազալ երկարությունը՝ 100 մմ-ից պակաս։ Զանգվածը 1,1–2,3 կգ է։ Մարմնի գունավորումը միագույն դարչնավուն է՝ առանց վառ բծերի (բացի կրծքից)։ Պոչը սովորաբար մարմնի կեսից երկար է, հետ ձգված հետին թաթերի ծայրերից դուրս է գալիս իր երկարության 1/4-ից ավելի, սովորաբար 22–30 սմ է։ Գլխի վերնամասը մեջքի գույնի է, մազը կոշտ է։ Կոկորդի բաց բիծը միշտ լավ արտահայտված է, հակադիր, մաքուր սպիտակ, սովորաբար պայտաձև, իր հետին «թևերով» անցնում է առջևի թաթերի վրա։ Որոշ ասիական և կովկասյան պոպուլյացիաների մոտ կոկորդի բիծը կարող է լրիվ բացակայել։ Անտառային կզաքիսից (Martes martes, Հայաստանում չի հանդիպում) տարբերվում է բաց գույնի քթով և մազերով չծածկված ներբաններով։ Հասուն առանձնյակների միջին զանգվածը՝ մոտ 1,7 կգ (Myhrvold et al., 2015)։ Ատամնային բանաձևը՝
Ապրելավայր
Նախընտրում է թփուտներով և առանձին ծառերով բաց տեղանքներ, հաճախ քարքարոտ և ժայռոտ լանդշաֆտներ, ինչն էլ արտացոլվել է նրա անվան մեջ։ Բները կառուցում է ինչպես փչակներում, այնպես էլ ժայռաճեղքերում կամ քարերի տակ գտնվող բներում։
Ակտիվություն և սնունդ
Սնվում է կրծողներով, թռչուններով (ավերելով նաև նրանց բները), սողուններով, երկկենցաղներով, խոշոր միջատներով․ ամռանն ու աշնանը սննդակարգում կարևոր տեղ են զբաղեցնում բուսական կերերը՝ տարբեր պտուղներ և հատապտուղներ։
Բազմացում
Բազմացումը տեղի է ունենում մայիսին, ծնում է 3–6 ձագ։ Միջին տվյալներով՝ ձագերի միջին թիվը մեկ ծնում՝ 3,8, ծնունդների միջին թիվը տարեկան՝ 1,1, հղիությունը՝ մոտ 30 օր, կաթով կերակրումը՝ մոտ 66 օր, էգերի սեռահասունացումը՝ մոտ 18 ամսականում, առավելագույն հայտնի կյանքի տևողությունը՝ 18 տարի (Myhrvold et al., 2015)։
Ընդհանուր արեալ
Բնակեցնում է Եվրասիայի մեծ մասը՝ Պիրենեյան թերակղզուց մինչև Մոնղոլիա և Հիմալայներ։ Ներմուծված է Հյուսիսային Ամերիկա։ Լեռներում հանդիպում է մինչև ծովի մակարդակից 4000 մ։ Չի խուսափում բնակավայրերից և հաճախ հանդիպում է այգիներում, գոմերում և բնակելի շենքերի ձեղնահարկերում։
Տարածումը Հայաստանում
Հայաստանում բնակեցնում է տարբեր գոտիների քարքարոտ տեղամասերը ծովի մակարդակից 850–2580 մ բարձրություններում (Даль, 1954), ինչպես նաև այգիներն ու անտառները, որտեղ կան շատ հին, փչակավոր ծառեր։
Պահպանության կարգավիճակ
ՀՀ Կարմիր գրքում (2010) ընդգրկված չէ։ IUCN՝ LC (քիչ մտահոգող) (MDD, 2026)։
Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։