Կաթնասունաբանների հայկական ասոցիացիա

Դալի ավազամուկ

Meriones dahli

Անվտանգություն. Կրծողները կարող են կրել տուլարեմիա, լեպտոսպիրոզ, հանտավիրուսներ, իսկ Հայաստանի բնական օջախներում՝ նաև ժանտախտ։ Սատկած կրծողներին մի՛ դիպչեք, աղտոտված տարածքները մաքրեք խոնավ եղանակով՝ ձեռնոցներով և դիմակով։ Ավելին՝ «Անվտանգություն և առողջություն» էջում

Նկարագրություն

Ի համեմատություն մյուս ավազամկների, փոքր չափսերի կրծողներ են։ Մարմնի երկարությունը միջինում 114 մմ է, պոչինը՝ 121 մմ, հետին թաթինը՝ 26,2 մմ, ականջի երկարությունը կազմում է 15,1 մմ, գանգի երկարությունը՝ 30,3 մմ, քաշը՝ 48 գր.։ Պոչը սովորաբար երկար է մարմնից։ Փորը, կուրծքը և կոկորդն ունեն սպիտակ գունավորում։ Պոչն ունի միատոն գորշ գունավորում՝ ծայրին սև վրձնանման մազափնջով։ Հայկական լեռնաշխարհի էնդեմիկ տեսակ է։ Հանդիպում է ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերի ռելիկտային ավազուտներում՝ 600-1000 մ բարձրության վրա։

Ակտիվություն և սնունդ

Սնվում են իրենց բնակության տարածքների բույսերի տեսակների մեծ մասով։ Կերաբաժինը հիմնականում ներկայացված է սերմերով, հազվադեպ՝ տերևներով և ցողուններով։ Սննդի մեջ կարող են օգտագործել նաև միջատներ։ Բները կառուցում են ավազային թմբիկների վրա, որոնք գոյանում են մատիտեղանման գեղածնկիկի (Calligonum polygonoides) սաղարթի շուրջ՝ քամիներից կուտակված ավազի հաշվին։ Բները պարզ են, սովորաբար ունեն մեկ մուտք։ Ձմռանը կառուցում են բարդ բներ։ Ակտիվ են ամբողջ տարին։ Գարնանը և աշնանն ակտիվ են առավոտյան ժամերին, մթնշաղին և գիշերը։ Ամառը գիշերային կենսակերպ են վարում, իսկ ձմռանն ակտիվ են օրվա տաք ժամերին։

Բազմացում

Բազմացումը սկսվում է մարտի վերջին-ապրիլի սկզբին։ Հղիությունը տևում է 20-22 օր։ Երկրորդ գեներացիան հուլիսին է։ Բարենպաստ պայմանների դեպքում հնարավոր է նաև երրորդ գեներացիա։ Սովորաբար ծնվում են 2-7 կույր և մերկ ձագեր։ Աչքերը բացվում են 16-17 օրում։ Ինքնուրույն կյանքի անցնում են մեկ ամսեկան տարիքում։ Մեկուսացված և սահմանափակ քանակի ավազուտների վրա մարդու տնտեսական գործունեության պատճառով այս տեսակի պոպուլյացիաները հնարավոր է ոչնչացել են, քանի որ արդեն 23 տարուց ավել, Դալի ավազամուկը չի հանդիպել և չի հայտնաբերվել, նույնիսկ երկու տարվա ընթացքում կատարվող ռուսական և հայկական միացյալ հատուկ որոնողական գիտարշավների ժամանակ։

Տարածումը Հայաստանում

ՀՀ-ում նկարագրված է մոտ 300 հա ընդհանուր մակերեսով 5-6 սահմանափակ տարածքներում։ Ժամանակակից պատկերացումներով այս տեսակի ներկայացուցիչների քանակն իր տարածման արեալում պետք է լինի մոտ 500 առանձնյակ։

Պահպանության կարգավիճակ

ՀՀ Կարմիր գրքում գրանցված է որպես անհետացած տեսակ։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գրանցված է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ (CR- Critically Endangered)։

Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։