Նկարագրություն
Մարմնի երկարությունը մինչև 175 մմ է, պոչինը՝ մինչև 185 մմ։ Մեջքի կողմից գունավորումը բաց երանգների է՝ հիմնականում դեղնավուն-շեկ։ Փորը սպիտակ է։ Փորի և մեջքի գունավորման սահմանը լավ արտահայտված է։ Ականջախեցիները խոշոր են։ Վիբրիսները լավ զարգացած են։ Վերշրթունքային վիբրիսների երկարությունը կարող է հասնել մինչև 90 մմ-ի։ Թաթերի ներբանները մերկ են, թաթային բարձիկները՝ լավ զարգացած։ Պոչի ծայրին առկա է լավ արտահայտված կտրուկ անցումով վրձնանման մազափունջ։
Ապրելավայր
Բնակվում են քարքարոտ կիսաանապատներում, ծալքավոր լեռների լանջերին։
Ակտիվություն և սնունդ
Վարում են միայնակ կենսակերպ։ Բնակվում են բնական խոռոչներում և ինքնաշեն համեմատաբար պարզ բներում։ Սնվում են մեծամասամբ սերմերով, ինչպես նաև բույսերի վերգետնյա հատվածներով և կենդանական սննդով։ Վարքագծային առանձնահատկություններից է ձմեռային պաշարների կուտակումն ինչպես ստորգետնյա, այնպես էլ վերգետնյա թաքստոցներում։ Տարվա տաք եղանակներին ակտիվ են գիշերը, իսկ ձմռանը՝ նաև ցերեկը։
Բազմացում
Տարվա ընթացքում բազմանում են 2-3 անգամ։ Ծնվում են մինչև 7 ձագեր։
Տարածումը Հայաստանում
ՀՀ-ում հանդիպում են Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի համապատասխան բիոտոպերում, ինչպես նաև Երևանի շրջակայքում՝ 550-1900 մ բարձրության վրա։
Պահպանության կարգավիճակ
Հանդիսանում են մարդու և կենդանիների հիվանդությունների տարածողներ։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գրանցված է չվտանգված տեսակ կարգավիճակով LC (Least concern)։
Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։