Նկարագրություն
Մարմնի երկարությունը 100-160 մմ է, պոչինը՝ 105-177 մմ։ Մեջքի և կողքերի գունավորումը բաց երանգների է՝ գորշ կամ շեկ։ Փորն ունի սպիտակ գունավորում։ Թաթերի ներբանները ծածկված են սպիտակավուն մազերով։ Կրնկաթաթի վրա միջին մասում ունեն մերկ բիծ, որը ծայրում երկատվում է։
Ապրելավայր
Բնակվում են կավային կիսաանապատներում, լեռնատափաստաններում։ Ի տարբերություն Դալի ավազամկան, չեն բնակվում իսկական տափաստաններում։ Գարնանը և ամռանն ակտիվ են գիշերը, իսկ աշնանն ու ձմռանը՝ ցերեկը։ Բնակվում են միայնակ կամ զույգերով՝ ինքնաշեն, պարզ կառուցվածքով բներում։
Ակտիվություն և սնունդ
Սնվում են հիմնականում սերմերով։ Գարնանը կերաբաժնում գերակշռում են բույսերի կանաչ հատվածները։ Օգտագործում են նաև կենդանական սնունդ՝ հիմնականում միջատներ։ Կարող են կուտակել մինչև 5 կգ ձմեռային պաշար։
Բազմացում
Բազմանում են տարվա տաք եղանակներին՝ 2 անգամ։ Հղի էգերի քանակի մաքսիմումը լինում է ապրիլ-մայիս և հուլիս-օգոստոս ամիսներին։ Հղիությունը տևում է 24-30 օր։ Ծնվում են 2-8, միջինում՝ 4-6 ձագեր։ Ինքնուրույն սկսում են սնվել 1,5 ամսեկան տարիքից։ Սեռահասուն են դառնում 2,5-3 ամսեկանում։ ՀՀ-ում առանձնյակների միջին խտությունը կազմում է 1-5 առանձնյակ/հա։
Տարածումը Հայաստանում
ՀՀ-ում հանդիպում են Տավուշի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզերում և Երևանի շրջակայքում՝ 700-1400 մ բարձրության վրա։
Պահպանության կարգավիճակ
ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գրանցված է չվտանգված տեսակ կարգավիճակով LC (Least concern)։
Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։