Նկարագրություն
Մարմնի երկարությունը հասնում է մինչև 150 մմ-ի, պոչինը՝ 38 մմ-ի։ Մեջքի գունավորումը գորշ-դեղնավուն է, կրծքին՝ թաթերի միջև, առկա է սև բիծ։ Հետայտային մուգ բիծը նեղ է, իսկ այտային դեղին և հետականջային սպիտակ բծերը միանում են իրար։ Փորային մասն ունի սպիտակից մինչև բաց մոխրագույն գունավորում։ Կուտակում են ձմեռային պաշար, որը հիմնականում կազմված է հացազգիներից և երեքնուկներից, ինչպես նաև հովանոցազգիներից։
Ապրելավայր
Բնակվում են լեռների ստորին և միջին գոտիներում՝ բարձրանալով մինչև 3000 մ։ Տարածված են տափաստաններում և լեռնային մարգագետիններում։ Ավելի բնորոշ են 1200-2000 մ բարձրություններում։ Բնակվում են հիմնականում ինքնուրույն փորած բներում։ Բնային խցիկը կարող է գտնվել մինչև 2 մ խորության վրա։
Բազմացում
Տարվա ընթացքում բազմանում են 2-3 անգամ, յուրաքանչյուր ծնում՝ 1-13 (միջինը 6-9) ձագ։ Ծնվելուց 18-20 օր անց երիտասարդները վարում են ինքնուրույն կենսակերպ։
Տարածումը Հայաստանում
ՀՀ-ում տարածված են համապատասխան բարձրության գրեթե բոլոր անտառազուրկ տարածքներում։
Պահպանության կարգավիճակ
ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գրանցված է վտանգման եզրին NT (Near Threatened) կարգավիճակով։
Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։