Նկարագրություն
Արտաքինից ավելի նման է ալտայական դաշտամկան (M. obscurus, էջ 86)92, իսկ թփուտային դաշտամկից տարբերվում է ավելի բաց գունավորմամբ և ավելի փոքր` մինչև 2,2 մմ, ակնաճեղքով։ Ստորին առաջին սեղանատամի առջևի կենտ գալարը ձգված է դեպի առաջ։ Մարմնի երկարությունը հասնում է մինչև 95 մմ–ի, իսկ պոչինը` մարմնի երկարության 33-40%-ը։ Էգերն ունեն 3 զույգ պտուկներ` 2 զույգը փորային և 1–ը` կրծքային։ Հանդիպում են հիմնականում բաց տարածքներում, ինչպիսիք են ալպիական, մերձալպիական մարգագետինները, լեռնային տափաստաններ և այլն։ Որոշ վայրերում հանդիպում են հացահատիկների ցանքատարածությունների եզրերին։ Չափազանց խոնավ գրունտի դեպքում կարող են բնադրել քարացրոններում։ Կովկասի էնդեմիկ տեսակ է, հանդիպում է Կովկասում և Հայկական բարձրավանդակում։ Մի քանի առանձին պոպուլյացիաներ հայտնի են նաև Թուրքիայի տարածքում։
Բազմացում
Տեսակի էկոլոգիայի և վարքագծային առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկությունները շատ սուղ են։ Մի քանի օրինակից հայտնի է, որ ձագերի թիվը հիմնականում կազմում է 4 կամ 5։
Տարածումը Հայաստանում
ՀՀ–ում հանդիպում են տեսակին բնորոշ ապրելավայրերում։ Երբեմն կարող են հանդիպել ձյան և ալտայական դաշտամկների հետ համատեղ պոպուլյացիաներ։
Պահպանության կարգավիճակ
ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գրանցված է չվտանգված տեսակ կարգավիճակով LC (Least concern)։
Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։