Կաթնասունաբանների հայկական ասոցիացիա

Թփուտային դաշտամուկ

Microtus majori

Անվտանգություն. Կրծողները կարող են կրել տուլարեմիա, լեպտոսպիրոզ, հանտավիրուսներ, իսկ Հայաստանի բնական օջախներում՝ նաև ժանտախտ։ Սատկած կրծողներին մի՛ դիպչեք, աղտոտված տարածքները մաքրեք խոնավ եղանակով՝ ձեռնոցներով և դիմակով։ Ավելին՝ «Անվտանգություն և առողջություն» էջում

Ակտիվություն և սնունդ

Թփուտային դաշտամկները կարող են հանդիպել ծովի մակարդակից 300-400 մ–ից մինչև ալպյան գոտի ընկած բարձրություններում։ Առավել տարածված են լայնատերև անտառների նոսր տեղամասերում և ենթալպյան մարգագետիններում։ Բարձրալեռնային տարածքներում կենդանիների քանակը խիստ կապակցված է ձմեռման պայմանների հետ. քիչ ձյունածածկ և ոչ ձյունածածկ տարածքներում ձմեռման ընթացքում ցրտահարվում են։ Բները գտնվում են ծառերի և թփերի արմատների, ընկած ծառերի բների տակ։ Մարգագետնային տեղամասերում բնակվում են գաղութներով, իսկ բները փոքր խորությունների վրա են։ Հաճախ բնակեցնում է նաև քարացրոնները` ձյան դաշտամկների հետ համատեղ։ Գարնանը և ամռանը սնվում են բների մոտ աճող գրեթե բոլոր բույսերի կանաչ հատվածներով։ Աշնանը կերաբաժնում գերակշռում են սերմերը, իսկ ձմռանը` բույսերի ստորգետնյա հատվածները։

Բազմացում

Բազմացումը սովորաբար սկսվում է ձնհալքից հետո։ Լեռնային տեղամասերում բազմանում են մայիս ամսից սկսած, իսկ ավելի ցածրադիր տեղամասերում` ապրիլից։ Ձմեռած առանձնյակները կարող են բազմանալ տարվա ընթացքում 3-4 անգամ, իսկ այդ տարվա առաջին սերունդը` 1-2 անգամ։ Ունենում են 3-4 ձագեր։

Տարածումը Հայաստանում

ՀՀ–ում տեսակն ունի լայն, բայց հիմնականում հյուսիսային և հարավ-արևելյան ընդհատվող (ֆրագմենտացված) տարածվածություն։ Ըստ հանդիպման վայրերի՝ հիմնական պոպուլյացիաները կենտրոնացված են. Հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջաններում՝ Փամբակի, Գուգարաց, Բազումի և Միափորի լեռնաշղթաների անտառային ու մարգագետնային գոտիներում (Լոռու և Տավուշի մարզեր)։ Կենտրոնական և արևելյան հատվածում՝ Գեղամա լեռնաշղթայի արևելյան լանջերին և Սևանա լճի ավազանի որոշակի բարձրադիր վայրերում (Գեղարքունիքի մարզ)։ Հարավային հատվածում՝ Զանգեզուրի և Բարգուշատի լեռնաշղթաների համակարգում (Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր)։

Պահպանության կարգավիճակ

ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գրանցված է չվտանգված տեսակ (LC) կարգավիճակով։

Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։