Կաթնասունաբանների հայկական ասոցիացիա

Ալտայական դաշտամուկ

Microtus obscurus

Անվտանգություն. Կրծողները կարող են կրել տուլարեմիա, լեպտոսպիրոզ, հանտավիրուսներ, իսկ Հայաստանի բնական օջախներում՝ նաև ժանտախտ։ Սատկած կրծողներին մի՛ դիպչեք, աղտոտված տարածքները մաքրեք խոնավ եղանակով՝ ձեռնոցներով և դիմակով։ Ավելին՝ «Անվտանգություն և առողջություն» էջում

Նկարագրություն

Մարմնի երկարությունը հասնում է մինչև 140 մմ, պոչինը՝ մինչև 49 մմ՝ կազմելով մարմնի երկարության 30-40%-ը։ Մեջքի գունավորումը կարող է լինել բաց մոխրագույնից մինչև մուգ գորշ։ Որոշ պոպուլյացիաներում նկատվում է շագանակագույն-շեկ երանգներ։ Պոչը հիմնականում միագույն է կամ թույլ արտահայտված երկգույն՝ վերևից շագանակագույն-սև, ներքևից՝ սպիտակավուն կամ դեղնավուն։ Հետին թաթին առկա են 6 թմբիկներ։ Վերին 3-րդ սեղանատամը (M3) հիմնականում ունի 3 արտաքին և 4 ներքին եռանկյունաձև գալարներ։ Ստորին առաջին սեղանատամը (m1) ունի լրիվ առանձնացած և հերթադիր եռանկյունաձև գալարներ, իսկ առաջին կենտ գալարին կից ելուստները համաչափ են և ձուլված դենտինով։

Ապրելավայր

Տարվա տաք եղանակներին ակտիվ են մթնշաղին, իսկ ձմռանն ակտիվ են շուրջօրյա՝ որոշ ընդմիջումներով, բայց բնից դուրս են գալիս հիմնականում միջօրյա համեմատաբար տաք ժամերին։ Բնակվում են գաղութներով։ Անցուղիները խորը չեն։ Յուրաքանչյուր գաղութ ունի մի քանի պահուստային խցիկ և գնդաձև բներ։ Եթե գաղութները գտնվում են մշակաբույսերի դաշտերի հարևանությամբ, առավել ևս հացազգիների, ապա կարող են հասցնել մեծ վնաս բերքին։ Տարվա տաք շրջանում սննդում գերակշռում են խոտաբույսերի կանաչ մասերը, իսկ աշնանն ու ձմռանը՝ բույսերի սերմերն ու ստորգետնյա մասերը։

Բազմացում

Բազմանում են ամբողջ տարվա ընթացքում մինչև 7 անգամ՝ ունենալով միջինում 5 ձագ։ Հղիությունը տևում է մոտավորապես 20 օր։ Ձմեռային բազմացումը կախված է միջավայրի ջերմաստիճանից և կերի քանակից։

Տարածումը Հայաստանում

Միտոքոնդրիալ ԴՆԹ–ի հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում տարածված է ալտայական գիծը, որը նախկինում դիտարկվում էր սովորական դաշտամկան (M. arvalis) կազմում, իսկ այժմ առանձնացվում է որպես ինքնուրույն տեսակ՝ ալտայական դաշտամուկ (M. obscurus)։ ՀՀ-ում տարածված են համարյա բոլոր անտառազուրկ տարածքներում ներառելով անտառների եզրերը, բացատները, մացառուտները, կիսաանապատներից մինչև ալպյան գոտի՝ տարածվելով 400-3200 մ բարձրություններում, գերադասելով հիմնականում լեռնատափաստանային և ենթալպյան մարգագետինները։

Պահպանության կարգավիճակ

ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գրանցված է չվտանգված տեսակ կարգավիճակով LC (Least concern)։

Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։