Կաթնասունաբանների հայկական ասոցիացիա

Շիդլովսկու դաշտամուկ

Microtus schidlovskii

Անվտանգություն. Կրծողները կարող են կրել տուլարեմիա, լեպտոսպիրոզ, հանտավիրուսներ, իսկ Հայաստանի բնական օջախներում՝ նաև ժանտախտ։ Սատկած կրծողներին մի՛ դիպչեք, աղտոտված տարածքները մաքրեք խոնավ եղանակով՝ ձեռնոցներով և դիմակով։ Ավելին՝ «Անվտանգություն և առողջություն» էջում

Նկարագրություն

Մեջքի գունավորումը մուգ մոխրագույն-գորշ է։ Փորի գունավորումը բաց կամ մուգ մոխրագույն է՝ դեղնավուն երանգով։ Գանգը խիստ տափակացած է և լայն։ Լսողական թմբիկները ի համեմատություն հասարակական դաշտամկան լսողական թմբիկների փոքր են։ Վերին երրորդ սեղանատամը (M3) ունի 3 ներքին և 3 արտաքին եռանկյունաձև ատամիկներ։ Բակուլումի եռժանու կենտրոնական ելուստը երկար է, կողքայինները կարճ։ Բազմացման և էկոլոգիայի մասին տվյալները սակավ են։

Ապրելավայր

Տարածված են չոր և լեռնային տափաստաններում՝ ծովի մակարդակից 1400-1700 մ բարձրությունների վրա։ Կարող են հանդիպել նաև նշված բարձրություններում գտնվող պտղատու այգիներում և մշակովի դաշտերում (ագրոցենոզներում)։

Ակտիվություն և սնունդ

Մեծ վնաս են հասցնում կարտոֆիլի և բազուկի դաշտերին։ Հիմնականում վարում են ստորգետնյա կենսակերպ։ Վերգետնյա ակտիվություն քիչ են ցուցաբերում։

Տարածումը Հայաստանում

ՀՀ-ում տարածված են Շիրակի, Արագածոտնի և Լոռվա մարզերում։

Պահպանության կարգավիճակ

ՀՀ Կարմիր գրքում գրանցված է վտանգված տեսակ կարգավիճակով։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գրանցված է չվտանգված տեսակ կարգավիճակով LC (Least concern)։

Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։