Կաթնասունաբանների հայկական ասոցիացիա

Հասարակական կամ տափաստանային դաշտամուկ

Microtus socialis

Անվտանգություն. Կրծողները կարող են կրել տուլարեմիա, լեպտոսպիրոզ, հանտավիրուսներ, իսկ Հայաստանի բնական օջախներում՝ նաև ժանտախտ։ Սատկած կրծողներին մի՛ դիպչեք, աղտոտված տարածքները մաքրեք խոնավ եղանակով՝ ձեռնոցներով և դիմակով։ Ավելին՝ «Անվտանգություն և առողջություն» էջում

Նկարագրություն

Մարմնի չափերով և պոչի երկարությամբ բաժանվում են մի քանի ձևերի։ Կան մանր կենդանիներ, որոնց մարմնի երկարությունը հասնում է 105 մմ-ի, իսկ պոչինը՝ 24 մմ, և մեծ ձևեր, որոնց մարմնի երկարությունը հասնում է 125 մմ, իսկ պոչինը՝ 32 մմ։ Առանձնացվում են նաև երկարապոչ և կարճապոչ ձևեր։ Պոչի երկարությունը կազմում է մարմնի երկարության 23,8-31,1%։ Մեջքի գունավորումը կարող է լինել բաց ավազագույնից մինչև մուգ դեղնամոխրագույն։ Փորի գունավորումը կարող է լինել արծաթագունից մինչև մոխրագույն։ Պոչը բաց գույնի է, երբեմն թույլ արտահայտված երկգույն։ Հետին թաթերի ներբանները մինչև թմբիկները մազածածկ են։ Գանգը լայն է՝ վերևից տափակած։ Աչքերի միջև առկա է ակոս, որի եզրերին կա ուռուցիկություն։ Վերին առաջին և երկրորդ սեղանատամներին (M1, M2), ի տարբերություն ալտայական դաշտամկան, ներքին կողմից առկա է լրացուցիչ ատամիկ։ Բակուլումի հիմքը շեղանկյունաձև է։ Եռժանու կողքային ելուստները չափսերով հավասար են կամ մի փոքր կարճ են կենտրոնական ելուստից։ Տարածված են հացազգային և հացազգաօշինդրային չոր տափաստաններում և կիսաանապատներում, ինչպես նաև այդ լանդշաֆտների մշակովի տարածքներում։ Լեռներում կարող են բարձրանալ մինչև 2000 մ։

Ապրելավայր

Բնակվում են գաղութներով։ Մեկ ընտանիքը զբաղեցնում է մոտավորապես 10 մ² տարածք։ Փորում են ոչ խորը, երկար անցուղիներով, միջինում 40 մուտքերով և 10 բնային ու պահեստային խցիկներով։ Խցիկները սովորաբար գտնվում են 20-25 սմ խորության վրա, իսկ ձմեռման խցիկը կարող է լինել մինչև 50 սմ խորության վրա։

Բազմացում

Սնվում են հիմնականում հացազգիների և լոբազգիների սերմերով։ Օգտագործում են նաև շատ բույսերի կանաչ մասերը, թփերի ցողունների կեղևը և այլն։ Չոր ժամանակ, ջրի պակասի դեպքում, կարող են սնվել միջատներով և փափկամարմիններով։ Բազմանում են ամբողջ տարվա ընթացքում, սակայն ցուրտ ամիսներին ինտենսիվությունը նվազում է։ Գարնանային բազմացումը կիսաանապատում սկսվում է փետրվարի վերջ - մարտին, երբեմն ավելի վաղ։ Տաք ձմեռներին Անդրկովկասի կիսաանապատներում բազմանում են հոկտեմբերից սկսած։ Տարվա ընթացքում բազմանում են միջինում 5 անգամ՝ ունենալով 6-8 ձագեր։ Հղիությունը տևում է 19-20 օր։

Տարածումը Հայաստանում

ՀՀ-ում տարածված են հյուսիսում Լոռու և Տավուշի մարզերում, հարավում Արարատի և Կոտայքի մարզերում, Վայոց Ձորի կմախքային լեռների լանջերին և Սյունիքի մարզի արևելյան շրջաններում։

Պահպանության կարգավիճակ

ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գրանցված է չվտանգված տեսակ կարգավիճակով LC (Least concern)։

Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։