Կաթնասունաբանների հայկական ասոցիացիա

Մակեդոնյան մուկ

Mus macedonicus

Անվտանգություն. Կրծողները կարող են կրել տուլարեմիա, լեպտոսպիրոզ, հանտավիրուսներ, իսկ Հայաստանի բնական օջախներում՝ նաև ժանտախտ։ Սատկած կրծողներին մի՛ դիպչեք, աղտոտված տարածքները մաքրեք խոնավ եղանակով՝ ձեռնոցներով և դիմակով։ Ավելին՝ «Անվտանգություն և առողջություն» էջում

Նկարագրություն

Այս տեսակի վերին երրորդ սեղանատամը (M3) չափերով նման է առաջին և երկրորդ սեղանատամներին։

Ապրելավայր

Նախորդ տեսակի համեմատ, այս տեսակի պոչը հիմքի հատվածում ավելի նեղ է։ Պոչի երկարությունը մարմնի երկարության հետ համեմատած սովորաբար փոփոխական է և հիմնականում կազմում է մարմնի երկարության 82%-ը։ Սակայն կարող են հանդիպել առանձնյակներ 66,7%-ից մինչև 100% հարաբերակցությամբ։ Գունավորումը ևս փոփոխական է, սակայն փորը երբեք ամբողջական սպիտակ չի լինում։ Մեջքի գունավորումը տատանվում է մուգ շագանակագույնից մինչև շագանակագույն, կողքերը՝ մի փոքր ավել խամրած։ Փորը սպիտակավուն է, կաթնագույն կամ մոխրագույն։ Սովորաբար կոկորդն ավելի բաց է գունավորված, քան մարմնի ստորին այլ հատվածներ։ Ականջները մոխրագույն - շագանակագույն են, պոչը երկգույն՝ վերևից վառ մոխրագույն, ներքևից՝ ավելի խամրած երանգով։ Բնակվում են հիմնականում բարձր ու խիտ բուսականությամբ բաց տարածքներում (խոտածածկ, եղեգնուտներ, թփուտներ)։ Նման բուսականությունը սովորաբար կապակցված է վարելահողերի կամ ջրային համակարգերի (առվակներ, ոռոգման ջրանցքներ, լճեր) հետ։ Ավելի հազվադեպ են հանդիպում մշակվող լանդշաֆտներում՝ բանջարանոցներ և այգիներ։ Խույս են տալիս մարդու բնակավայրերից։ Հանդիպում են ծովի մակարդակից մինչև 1500-1800 մ բարձրություններում։

Ակտիվություն և սնունդ

Վարում են առավելապես գիշերային կենսակերպ։ Սննդակարգը նման է մյուս տնային մկներին։

Բազմացում

Ունեն 5 զույգ պտուկներ, որոնցից 3 զույգը կրծքային են, երկուսը՝ որովայնային։ Բազմանում են տարին մի քանի անգամ։ Բազմացումը սկսվում է փետրվարի վերջին և շարունակվում մինչև հոկտեմբեր։ Ծնում են 4-10 ձագ։

Տարածումը Հայաստանում

ՀՀ-ում այս տեսակի տարածվածությունը շատ մոզայիկ է։ Հիմնականում հանդիպում են Արարատյան դաշտում՝ Արաքս գետի հովտում։ Ըստ գրականությունում առկա տվյալների այս տեսակը չի հանդիպում Արագածոտնի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում։

Պահպանության կարգավիճակ

ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գրանցված է չվտանգված տեսակ կարգավիճակով LC (Least concern)։

Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։