Նկարագրություն
Մանր կրծողներ են։ Մարմինը բարեկազմ է։ Պոչը հիմքից դեպի ծայր բարակում է և, ի տարբերություն անտառամկների, սրանց պոչը հիմքում ավելի լայն է։ Պոչի երկարությունը գրեթե հավասար է մարմնի երկարությանը, սակայն դա կարող է փոփոխվել անհատական և աշխարհագրական դրսևորմամբ։ Ականջները բավականաչափ երկար են։ Առջևի վերջույթներին ունեն 4, իսկ հետին վերջույթներին՝ 5 մատ։ Ըստ գունավորման կարելի է առանձնացնել 2 հիմնական խումբ՝ մուգ և բաց։ Մուգ գունավորվածների մեջքը մուգ շագանակագույն է, կողքերին կարմրավուն երանգով։ Փորը մուգ մոխրագույն է։ Գույների անցման գիծը հստակ արտահայտված չէ։ Բաց գունավորվածների մեջքը բաց շագանակագույն է, իսկ փորը՝ սպիտակ։ Մարմնի կողքերին գույների անցումը կարող է լինել ինչպես թույլ արտահայտված, այնպես էլ հստակ տեսանելի։ Ի համեմատություն այլ մկների, այս տեսակի վերին երրորդ սեղանատամը (M3) փոքր է։
Ապրելավայր
Բնակվում են չորային տարածքներում, քանի որ դժվար են հարմարվում մոտ ազգակցական տեսակների հետ համատեղությանը։ Հիմնականում նախընտրում են բնակվել ծովի մակարդակից 1000-2000 մ բարձրության վրա, սակայն կարող են բարձրանալ մինչև 3000 մ ծովի մակարդակից բարձր։ Այս տեսակի կերային բազան բազմազան է։ Այն ներառում է հատիկեղեն, խոտաբույսեր, ընդեղեն, արմատապտուղներ, մրգեր, հատապտուղներ, սերմեր և «մարդածին աղբ»։
Բազմացում
Բնության մեջ հիմնականում բազմանում են մարտիից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում, իսկ տաք վայրերում կարող են բազմանալ ամբողջ տարվա ընթացքում։ Ունեն 5 զույգ պտուկներ, որոնցից 3 զույգը կրծքային են, երկուսը՝ որովայնային։ Հղիությունը տևում է 20-25 օր, ունենում են 4-8 (առավելագույնը մինչև 12) ձագ։
Տարածումը Հայաստանում
ՀՀ-ում տարածված են գրեթե ամենուր՝ սկսած քաղաքային բնակավայրերից մինչև գյուղական, ինչպես նաև հանդիպում են վայրի բնությունում։ Նախընտրում են հատկապես այնտեղ, որտեղ կա մարդ կամ մարդու հետ կապված գործունեություն։
Պահպանության կարգավիճակ
ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գրանցված է չվտանգված տեսակ կարգավիճակով LC (Least concern)։
Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։