Նկարագրություն
Արուների մարմնի երկարությունը 160–260 մմ, էգերինը՝ 114–212 մմ, պոչը մարմնի երկարության կեսից զգալիորեն կարճ է՝ արուների մոտ 12–87 մմ, էգերի մոտ՝ 17–64 մմ։ Արուների զանգվածը 60–250 գ, էգերինը՝ 53–120 գ։ Շարժվում է 25–30 սմ երկարությամբ ցատկերով։ Ամառային մորթում գլխի վերնամասը, մեջքը, կողքերը, պոչը և թաթերի արտաքին կողմերը միագույն դարչնաշագանակագույն են։ Կոկորդը, վերին շրթունքի եզրը, կուրծքը, որովայնը և թաթերի ներքին մակերեսը մաքուր սպիտակ են։ Բերանի անկյուններից հետ՝ դարչնագույն բիծ։ Որոշ պոպուլյացիաներում աշնանը ամառային դարչնագույն մորթին փոխում է սպիտակ ձմեռայինի։ Պոչը (ծայրային մազերով) մարմնի երկարության կեսից կարճ է, ծայրը չի սևանում։ Գանգի ռոստրալ մասի լայնությունը (ժանիքների վրա) մոտավորապես հավասար է միջակնակապճային լայնությանը։ Հայաստանում ձմռանը սպիտակ մորթի ստանում են հիմնականում բարձրադիր վայրերի աքիսները, իսկ ավելի ցածրադիր վայրերում, որտեղ ձնածածկը մշտական չէ, կարող են պահպանել դարչնագույն գունավորումը (հեղինակների տվյալներ)։ Հասուն առանձնյակների միջին զանգվածը՝ մոտ 50 գ (Myhrvold et al., 2015)։ Ատամնային բանաձևը՝
Ապրելավայր
Բնակեցնում է բազմազան միջավայրեր՝ տունդրայից և տայգայից մինչև լայնատերև անտառներ և անապատներ, կարող է բնակվել նաև բնակավայրերում։
Ակտիվություն և սնունդ
Սնվում է տարբեր կրծողներով, թռչուններով, սողուններով, երկկենցաղներով և միջատներով։
Բազմացում
Բազմանում է տարին մեկ անգամ՝ մայիս–հունիսին, ծնում է 3–9 ձագ։ Ձագերը ծնվում են կույր, 3 շաբաթականում դուրս են գալիս կաթնատամները և բացվում են աչքերը, իսկ 7-րդ շաբաթվա վերջում կարող են ինքնուրույն որսալ։ Միջին տվյալներով՝ ձագերի միջին թիվը մեկ ծնում՝ 5,1, ծնունդների միջին թիվը տարեկան՝ 1,5, հղիությունը՝ մոտ 36 օր, կաթով կերակրումը՝ մոտ 41 օր, էգերի սեռահասունացումը՝ մոտ 4 ամսականում, առավելագույն հայտնի կյանքի տևողությունը՝ 10 տարի (Myhrvold et al., 2015)։
Ընդհանուր արեալ
Եվրոպա, Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի միջին և հյուսիսային լայնություններ։
Տարածումը Հայաստանում
Հայաստանում տարածված է ամենուրեք, բացառությամբ չոր մերձարևադարձային գոտու։ Գրանցված է ծովի մակարդակից 850–3815 մ բարձրություններում (Даль, 1954)։
Պահպանության կարգավիճակ
ՀՀ Կարմիր գրքում (2010) ընդգրկված չէ։ IUCN՝ LC (MDD, 2026)։
Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։