Նկարագրություն
Մարմնի երկարությունը հասնում է մինչև 600 մմ, քաշը՝ մինչև 8 կգ։ Պոչը կտրվածքում կլոր է՝ մարմնի երկարությունից ոչ ավել, պատված թեփուկներով, և ունի նոսր մազածածկ։ Առջևի վերջույթները քառամատ են, կարճ են հետին վերջույթներից։ Հետին վերջույթները հնգամատ են, ընդ որում առաջին 4 մատների արանքում առկա է լավ զարգացած լողաթաղանթ, իսկ հինգերորդ մատն ազատ է։ Մազերը դիֆերենցված են աղվամազերի և քիստերի։ Քիստերը լավ զարգացած են մեջքային մասում։ Գունավորումը գորշ-շագանակագույն է, կողքերին ունեն դեղնավուն երանգ։ Գանգը վերևից տափակացած է։ Գանգի դիմային բաժինը կարճ է ուղեղային բաժնից։ Ունեն ատամնային հետևյալ բանաձևը՝ Սեղանատամների շարքերը դեպի առաջ մոտենում են իրար։
Ակտիվություն և սնունդ
Վարում են կիսաջրային կենսակերպ։ Բնակվում են թույլ հոսքով կամ կանգնած ջրային ավազանների այն հատվածներում, որոնք պատված են խիտ ջրային և ափամերձ բուսականությամբ, որն էլ ծառայում է որպես սնունդ և թաքստոց։ Ուղղաձիգ ափի դեպքում բնի մուտքը գտնվում է ջրի մակերևույթին հավասար մակարդակի վրա։ Մուտքը շարունակվում է 2-3 մ բարձրացող թունելով, որն ավարտվում է բնով։ Սնվում են հիմնականում ջրային և առափնյա բույսերով, օրինակ՝ եղեգ, շուշաններ, ջրիմուռներ, ցամաքային բույսերի արմատներ, ցողուններ ու տերևներ։ Երբեմն կարող է ուտել բանջարեղեն (օրինակ՝ գազար, ճակնդեղ), հատկապես եթե բնակվում է գյուղատնտեսական տարածքներին մոտ։ Ճահճակուղբը օրական կարող է ուտել իր մարմնի զանգվածի 25%-ի չափ սնունդ։ Վարում են հիմնականում գիշերային կենսակերպ, բայց որոշ վայրերում կարող են ունենալ նաև ցերեկային ակտիվություն։ Շատ լավ լողում են, հետին թաթին ունեն լողաթաղանթներ։ Ապրում են հիմնականում փոքր խմբերով։
Բազմացում
Տարվա ընթացքում բազմանում են 2-3 անգամ։ Հղիությունը տևում է 128-133 օր։ Միջինում ծնում են 4, երբեմն՝ մինչև 10 ձագ։ Երիտասարդները ծնվում են լիարժեք տեսողությամբ և մազածածկով։ Սեռահասուն են դառնում կյանքի 5-րդ ամսում։
Տարածումը Հայաստանում
ՀՀ-ում տարածվել են 1940-ական թվականներից։ Հանդիպում են Արմավիրի, Արարատի մարզերում, ըստ որոշ բանավոր աղբյուրների հնարավոր է նաև Սյունիքի մարզում՝ Մեղրի քաղաքի շրջակայքում, սակայն այս տվյալը կարիք ունի հստակեցման։
Պահպանության կարգավիճակ
ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գրանցված է չվտանգված տեսակ կարգավիճակով LC (Least concern)։
Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։