Կաթնասունաբանների հայկական ասոցիացիա

Ներինգի կուրամուկ

Nannospalax nehringi

Անվտանգություն. Կրծողները կարող են կրել տուլարեմիա, լեպտոսպիրոզ, հանտավիրուսներ, իսկ Հայաստանի բնական օջախներում՝ նաև ժանտախտ։ Սատկած կրծողներին մի՛ դիպչեք, աղտոտված տարածքները մաքրեք խոնավ եղանակով՝ ձեռնոցներով և դիմակով։ Ավելին՝ «Անվտանգություն և առողջություն» էջում

Նկարագրություն

Բացի այն հիմնական հատկանիշներից, որոնք բնորոշ են կուրամկների ընտանիքին, այս տեսակն ունի իր առանձնահատկությունները։ Մորթին ունի դեղնամոխրագույնից մինչև գորշ-կարմրավուն գունավորում։ Վիբրիսները դեղնավուն են։ Գլխի վրա նկատելի է գլխի գունավորումից ավելի բաց երանգի, քթից մինչև ականջները ձգվող, կոշտ խոզանների շերտ։

Ակտիվություն և սնունդ

Բնակվում է լեռնային և նախալեռնային տափաստաններում, մարգագետիններում՝ վարելով բացառապես ստորգետնյա կենսակերպ։ Բները հեշտ է նկատել հողի մակերևույթին գոյացող թմբերով, որոնց տրամագիծը միջինում 50 սմ է, իսկ բարձրությունը՝ 10-15 սմ։ Այսպիսի թմբերը գտնվում են իրարից մոտ 1 մ հեռավորության վրա։ Սննդային ուղիները փորվում են 5-50 սմ, իսկ հիմնական բները, որոնց թիվը միջինում 1-2 են, մոտ 1 մ խորության վրա։ Սնվում են ինչպես վայրի, այնպես էլ մշակովի բույսերի ստորգետնյա հատվածներով՝ արմատներով, կոճղարմատներով, սոխուկներով և պալարներով, որոնք էլ կուտակում են նաև որպես ձմռան պաշար։

Բազմացում

Ակտիվ են ամբողջ տարվա ընթացքում, սակայն ակտիվությունն ամենաբարձրն է գարնանը։ Բազմացումը սակավ է ուսումնասիրված, սակայն հայտնի է, որ բազմացման ակտիվության հիմնական պիկը համընկնում է մարտ-ապրիլ ամիսներին, տարվա ընթացքում տալով 1 սերունդ։ Ծնվում են 2-4 ձագ։ Ձագերն ինքնուրույն կյանքի են անցնում մայիս-հունիս ամիսներին։

Տարածումը Հայաստանում

ՀՀ-ում տարածված է Շիրակի, Լոռվա և Արագածոտնի մարզերում։ Հանդիպում է 1400-2400 մ բարձրության վրա։ ՀՀ-ում այս տեսակի կարգավիճակի մասին հստակեցումներ չկան։

Պահպանության կարգավիճակ

ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գրանցված է սակավ տվյալներ (DD-Data Deficient) կարգավիճակով։

Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։