Կաթնասունաբանների հայկական ասոցիացիա
Հայաստանի կաթնասունները › Ձեռքաթևավորներ (չղջիկներ)

Փոքր իրիկնաչղջիկ

Nyctalus leisleri

Անվտանգություն. Չղջիկներին մերկ ձեռքով մի՛ վերցրեք. նրանք կարող են կրել կատաղության հետ ազգակից վիրուսներ։ Կծելու կամ քերծելու դեպքում վերքը լվացեք 15 րոպե և նույն օրը դիմեք բժշկի։ Ավելին՝ «Անվտանգություն և առողջություն» էջում

Նկարագրություն

FA 39,2–45,6 մմ, D5 43–51 մմ, D3 70–78 մմ։ Ականջի ներսի հիմնային մասը և ականջը բերանի հետ միացնող մաշկային ծալքը հաճախ ավելի բաց են, քան ականջի մնացած մասը (Dietz, von Helversen, 2004, էջ 60)։ Գանգի կոնդիլոբազալ երկարությունը 15,2–16,1 մմ, այտային լայնությունը՝ 10,2–10,7 մմ, վերին ատամնաշարը՝ 5,8–6,3 մմ, FA 42,5–46 մմ (Кузякин, 1950, էջ 319–320)։

Ապրելավայր

Տաք սեզոնում հայտնաբերվել է բացառապես լայնատերև ծառերի (լորենի, կաղնի, տանձենի, թխկի) փչակներում, այդ թվում՝ Կովկասում (Կուսարի)։ Կերակրվելու դուրս է թռչում շատ վաղ՝ մայրամուտից անմիջապես հետո։ Թռիչքն արագ է, որսում է բարձր՝ բացատների, անտառեզրերի և անտառի սաղարթի վրա (Кузякин, 1950, էջ 322–323)։

Բազմացում

Գարնանը ապրում է խառը փոքր խմբերով, ամռան սկզբին հղի էգերը հավաքվում են 20–40 առանձնյակից բաղկացած գաղութներում, իսկ արուներն ապրում են առանձին (Кузякин, 1950, էջ 322–323)։ Ըստ Myhrvold et al. (2015) տվյալների՝ ձագերի միջին թիվը մեկ ծննդաբերությունում՝ 1,5, տարեկան ծնունդների թիվը՝ 1, կյանքի առավելագույն հայտնի տևողությունը՝ 16 տարի։

Ընդհանուր արեալ

Արեալը (ըստ MDD v2.5) ընդգրկում է Եվրոպան, Հյուսիսային Աֆրիկան, Մադեյրան և Կանարյան կղզիները, Առաջավոր Ասիան՝ մինչև Հնդկաստան։

Տարածումը Հայաստանում

Ներառված է EUROBATS-ի և MDD v2.5-ի Հայաստանի ցանկերում։ GBIF-ում Հայաստանից գրառումներ չկան։։

Պահպանության կարգավիճակ

ՀՀ Կարմիր գրքում (2010) գրանցված չէ։ IUCN՝ LC (ըստ MDD v2.5)։

Ամբողջական նկարագրությունը armbat.org-ում ↗

Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։