Նկարագրություն
Միջին չափսերի կրծողներ են։ Մարմնի երկարությունը կազմում է 250-360 մմ, պոչինը՝ 180-280 մմ, քաշը՝ մինչև 1,5 կգ։ Աչքերը փոքր են և ունեն բարձր դասավորություն։ Պոչը սեղմված է կողքերից, պատված է նոսր մազերով և թեփուկներով։ Առջևի վերջույթների երրորդ և հետին վերջույթների չորրորդ մատներն ամենաերկարներն են։ Թաթը մերկ է՝ լավ արտահայտված կոշտուկներով։ Լողաթաղանթը լավ զարգացած է։ Մեջքի գունավորումը միատոն է՝ բաց գորշ-շագանակագույնից մինչև սև։ Մազածածկը լավ դիֆերենցված է քիստերի և աղվամազերի։ Ազդրերի միջև առկա են մշկագեղձեր։ Գանգի դիմային հատվածը երկարած է և նեղ։ Լսողական թմբիկները փոքր են։ Սեղանատամներն ունեն արմատներ։ Այս տեսակը հանդիսանում է բազմաթիվ հիվանդությունների բնական կրող։ Մշկառնետն օգտագործվում է նաև մորթու արդյունաբերության ոլորտում։
Ապրելավայր
Վարում են կիսաջրային կենսակերպ։ Բնակվում են հոսող և կանգնած ջրավազանների ափամերձ տարածքներում՝ հասնելով մինչև 3000 մ բարձրության։ Նախընտրում են ջրամբարներ, որոնց խորությունը կազմում է 3-4 մ։ Ջրի տակ կարող են անցկացնել մինչև 12 րոպե։ ՀՀ-ում տարածված են Շիրակի մարզի հյուսիս-արևմուտքում Արփի լճի և Արաքս գետի շրջակայքում։
Ակտիվություն և սնունդ
Սնվում են ջրային բույսերով, կերի պակասի ժամանակ կարող են օգտագործել կենդանական սնունդ՝ փափկամարմիններ, խեցգետիններ, գորտեր և մանր ձկներ։
Բազմացում
Ակտիվ են ամբողջ տարին։ Տարվա ընթացքում բազմանում են 1-3 անգամ՝ ունենալով 6-7 ձագ։ Հղիությունը տևում է մոտավորապես 25 օր։ Տաք շրջաններում էգերի որոշ մասը սեռահասուն է դառնում կյանքի առաջին տարում։ Առաջին շաբաթվա ընթացքում, քանի դեռ էգը խնամում է ձագերին, արուն կերակրում է էգին։ Էգի խնամքով էլ պայմանավորված է ձագերի ցածր մահացությունը։
Պահպանության կարգավիճակ
ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գրանցված է չվտանգված տեսակ կարգավիճակով LC (Least concern)։
Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։