Կաթնասունաբանների հայկական ասոցիացիա

Գորշ առնետ

Rattus norvegicus

Անվտանգություն. Կրծողները կարող են կրել տուլարեմիա, լեպտոսպիրոզ, հանտավիրուսներ, իսկ Հայաստանի բնական օջախներում՝ նաև ժանտախտ։ Սատկած կրծողներին մի՛ դիպչեք, աղտոտված տարածքները մաքրեք խոնավ եղանակով՝ ձեռնոցներով և դիմակով։ Ավելին՝ «Անվտանգություն և առողջություն» էջում

Նկարագրություն

Մանր և միջին չափսերի կրծողներ են։ Մարմնի երկարությունը կազմում է 171-277 մմ, պոչինը՝ մինչև 195 մմ, քաշը՝ 244–463 գր.։ Մեջքի կողմից ունի համեմատաբար բաց գունավորում։ Երիտասարդ անհատների գունավորումը մոխրագույն է, որը տարիքի հետ զուգահեռ փոխարինվում է դեղնաշագանակագույն երանգներով։ Մեջքի և փորի գունավորումների սահմանը լավ արտահայտված է։

Բազմացում

Տարվա ընթացքում բազմանում են 3, երբեմն մինչև 5 անգամ՝ ունենալով միջինում 7–9, երբեմն մինչև 15 ձագ։ Հղիությունը տևում է 22–23 օր։ Սեռահասուն են դառնում կյանքի 3–4 ամիսներին։ Կոսմոպոլիտ տեսակ է։ Այս տեսակի վտանգվածության մասին տվյալներ չկան։

Տարածումը Հայաստանում

ՀՀ-ում լայն տարածված տեսակ է։ Տարածման արեալը կարող է հասնել մինչև ծ․մ․ 3000 մ բարձրության։ Չեն հանդիպում Սյունիքում և Գեղարքունիքում, բացառությամբ Սևան քաղաքի և շրջակա որոշ գյուղերի։ Իսկ Արագածոտնում տարածման արեալը շատ խճանկարային է և հազվագյուտ։ Գորշ առնետ չի հանդիպում նաև Լոռվա և Տավուշի մարզերում։ Բնության մեջ ակտիվ են սովորաբար մթնշաղին և գիշերը, իսկ ուրբանիզացված տարածքներում հեշտությամբ հարմարվում է մարդու գործունեության գրաֆիկին։ Ընդ որում բնության մեջ հանդիպում են տարվա միայն տաք եղանակներին։ Ամենակեր կենդանիներ են, որոշակի պայմաններում կարող է դրսևորվել կաննիբալիզմի երևույթ։

Պահպանության կարգավիճակ

ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գրանցված է չվտանգված տեսակ կարգավիճակով LC (Least concern)։

Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։