Կաթնասունաբանների հայկական ասոցիացիա

Սև առնետ

Rattus rattus

Անվտանգություն. Կրծողները կարող են կրել տուլարեմիա, լեպտոսպիրոզ, հանտավիրուսներ, իսկ Հայաստանի բնական օջախներում՝ նաև ժանտախտ։ Սատկած կրծողներին մի՛ դիպչեք, աղտոտված տարածքները մաքրեք խոնավ եղանակով՝ ձեռնոցներով և դիմակով։ Ավելին՝ «Անվտանգություն և առողջություն» էջում

Նկարագրություն

Մանր և միջին չափսերի կրծողներ են։ Մարմնի երկարությունը կազմում է 150–211 մմ, պոչինը՝ մինչև 228 մմ, քաշը՝ 132–244 գր.։ Այս տեսակի ներսում առանձնացվում են 3 գունային մորֆեր՝ սև, գորշ - շագանակագույն մեջքով, մոխրագույն փորով, գորշ - շագանակագույն մեջքով, սպիտակ փորով։ Ի տարբերություն գորշ առնետի, այս տեսակի ներկայացուցիչների դունչն ավելի նեղ է, իսկ ականջախեցիներն՝ ավելի կլոր։

Ակտիվություն և սնունդ

Բնակվում են լայնատերև անտառներում, այգիներում, թփուտներում։ Լավ մագլցողներ են, ինչը պայմանավորված է շինություններում տանիքների և ձեղնահարկերի նախընտրությամբ։ Ակտիվ են հիմնականում գիշերը։ Բնակվում են խմբերով։ Յուրաքանչյուր խումբն ունի իր «սեփական» տարածքը, որը պահպանում է օտարներից։ Սև առնետն ամենակեր է՝ այսինքն ուտում է ինչպես բուսական, այնպես էլ կենդանական ծագման սնունդ։ Նախընտրում է սերմեր, հատիկներ, մրգեր, բանջարեղեն, ցողուններ, տերևներ, միջատներ, երբեմն փոքր ողնաշարավորներ, ձու։ Սև առնետները կարող են պատճառել մեծ վնաս գյուղատնտեսական և պահեստավորված մթերքին։

Բազմացում

Բազմանում են ամբողջ տարվա ընթացքում 2–4 անգամ՝ ունենալով միջինում 6 ձագ։ Ցուրտ տարածքներում ձմռան ընթացքում չեն բազմանում։

Տարածումը Հայաստանում

ՀՀ-ում հանդիպում է 700–1700 մ բարձրություններում։

Պահպանության կարգավիճակ

ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գրանցված է չվտանգված տեսակ կարգավիճակով LC (Least concern)։

Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։