Կաթնասունաբանների հայկական ասոցիացիա

Պարսկական սկյուռ

Sciurus anomalus

Անվտանգություն. Կրծողները կարող են կրել տուլարեմիա, լեպտոսպիրոզ, հանտավիրուսներ, իսկ Հայաստանի բնական օջախներում՝ նաև ժանտախտ։ Սատկած կրծողներին մի՛ դիպչեք, աղտոտված տարածքները մաքրեք խոնավ եղանակով՝ ձեռնոցներով և դիմակով։ Ավելին՝ «Անվտանգություն և առողջություն» էջում

Նկարագրություն

Մարմնի երկարությունը 197-260 մմ է, պոչինը՝ 130-173 մմ, թաթի երկարությունը՝ 40-60 մմ, ականջինը՝ 23-31 մմ, քաշը՝ 332-432 գր.։ Հետին վերջույթի թաթին ունի 5 կոշտուկ, երբեմն նկատելի է թույլ զարգացած 6-րդ կոշտուկը։ Կոշտուկների քանակը համարվում է սովորական սկյուռից (Sciurus vulgaris), որն ունի 4 կոշտուկ, տարբերման հիմնական առանձնահատկություններից մեկը։ Ականջախեցիները փոքր են և ծայրին մազափունջ չունեն։ Մորթին մեջքի կողմից ունի գորշ-մոխրագույն գունավորում, որը դեպի ներքև մգանում է։ Փորի կողմից գունավորումը վառ ժանգագույն է։ Ձմեռային և ամառային գունավորումները քիչ են տարբերվում։

Ապրելավայր

Նախընտրում են կաղնու և ընկուզենու անտառները։ Որպես բուն օգտագործում են ծառերի՝ 3-5 մ բարձրության վրա գտնվող փչակները և մերձարմատային ճեղքերը։

Ակտիվություն և սնունդ

Որպես սնունդ օգտագործում են կաղին, ընկույզ, շագանակ, տարբեր մրգեր, հատապտուղներ և սնկեր։ Կենդանական կեր հազվադեպ են օգտագործում։ Հավաքում են ձմեռային պաշար, որը թաքցնում են բներում, ժայռերի ճեղքերում և արմատների արանքներում։ Ակտիվ են ողջ տարին։ Վարում են ծառաբնակ կենսակերպ; ակտիվ են վաղ առավոտյան և մթնշաղին։ Բնակվում են միայնակ կամ զույգերով։

Բազմացում

Բազմանում են ամբողջ տարվա ընթացքում՝ տալով 2-3 սերունդ։ Հղիությունը տևում է 30 օր։ Ծնվում են 2-4 անպաշտպան, կույր ձագեր։ Սեռահասուն են դառնում կյանքի 5-6 ամիսներին։

Տարածումը Հայաստանում

ՀՀ-ում հիմնականում հանդիպում են Լոռվա և Տավուշի անտառային գոտիներում՝ 700-1700 մ բարձրության վրա։

Պահպանության կարգավիճակ

ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գրանցված է չվտանգված տեսակ LC (Least concern) կարգավիճակով։

Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։