Նկարագրություն
Մարմնի երկարությունը մինչև 66,2 մմ է, պոչի երկարությունը՝ 101 մմ, հետին թաթինը՝ 18 մմ։ Մեջքի կողմից ունի միատոն գորշավուն գունավորում. մուգ գիծը ողնասյան երկայնքով բացակայում է։ Պոչը երկգույն է։ Վարքագծի և էկոլոգիայի մասին տվյալները քիչ են, քանի որ տեսակը նկարագրվել է ընդամենը 3 առանձնյակների հիման վրա, որոնք բռնվել են Կոտայքի մարզի Հանքավան գյուղի շրջակայքից՝ 2200 մ բարձրության վրա։ Այս տեսակը վերահայտնաբերվել և գենետիկորեն հաստատվել է 2015 թվականին Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանային տարածքներից։ Հայտնի գտածոները վերաբերում են ենթալպյան գոտու բարձր խոտածածկ լանջերին՝ անտառի վերին սահմանին մոտ (մոտ 2000–2200 մ), ինչը համապատասխանում է կովկասյան մյուս մկնիկների նախընտրած ենթալպյան բարձրախոտ մարգագետիններին (Kryštufek, Vohralík, 2005)։ Տեսակը հանդիպել է փափուկ հողային գրունտով և ծաղկավոր բույսերով հարուստ մարգագետիններում (հեղինակների դիտարկումներ)։
Պահպանության կարգավիճակ
ՀՀ Կարմիր գրքում գրանցված է էնդեմիկ սակավաթիվ տեսակ վտանգված կարգավիճակով։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գրանցված է կրիտիկական վիճակում գտնվող տեսակ (CR) կարգավիճակով։
Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։