Կաթնասունաբանների հայկական ասոցիացիա

Կովկասյան փոքր գորշատամ

Sorex volnuchini

Անվտանգություն. Մերկ ձեռքով մի՛ վերցրեք. ոզնիների և սրնչակների վրա կարող են լինել տզեր, մաշկային սնկեր և սալմոնելներ։ Շփումից հետո լվացեք ձեռքերը։ Ավելին՝ «Անվտանգություն և առողջություն» էջում

Նկարագրություն

Հայաստանի գորշատամներից ամենափոքրն է։ Գլխի դիմային բաժինը հարաբերականորեն երկար է, ուղեղային բաժինը՝ չափավոր ուռուցիկ։ Միջակնային նեղացումը հստակ է։ Մարմնի զանգվածը 2–5,5 գ է, մարմնի երկարությունը՝ 37–59 մմ, պոչինը՝ 31–58 մմ, հետին թաթինը՝ 8–12 մմ։ Գանգի կոնդիլոբազալ երկարությունը 14,8–16,4 մմ է։ Առաջին երեք միջանկյալ ատամների՝ A1–A3, պսակների հիմքերի կողային ուրվագիծը գրեթե հավասար է՝ A2-ի շրջանում առանց նկատելի «անկման»։ A4-ը փոքր է A2-ից, իսկ A5-ի բարձրությունը A4-ից նվազ է ոչ ավելի, քան մոտ մեկ երրորդով։ Մեջքի մորթին բաց մոխրագույնից մինչև դարչնաձիթապտղագույն է, կողքերը՝ ավելի բաց՝ դեղնավուն երանգով, փորային կողմը՝ բաց մոխրագույն։ Պոչը երկգույն է։

Ապրելավայր

Բնակվում է լեռնանտառային, լեռնամարգագետնային և ջրամերձ կենսավայրերում, բարձրանում է մինչև ենթալպյան գոտի։ Հայաստանում գրանցված է ծ.մ. 750–3200 մ բարձրություններում (Даль, 1954՝ «Sorex minutus» անվամբ)։

Ակտիվություն և սնունդ

Ակտիվ է շուրջօրյա՝ առավել արտահայտված գիշերային գագաթներով։ Սնվում է մանր միջատներով, հատկապես բզեզներով և թիթեռակերպերի ներկայացուցիչներով, իսկ ձմռանը հնարավոր է բուսական կերի որոշ օգտագործում։ Սնվում է նաև որդերով և փափկամարմիններով (Даль, 1954)։

Բազմացում

Բազմացումը սկսվում է մարտի վերջից կամ ապրիլի սկզբից և ավարտվում օգոստոսի սկզբին։ Սաղմերի թիվը 2–8 է, հավանաբար տարեկան ունենում է երկու ծին։ Ըստ Даль, 1954-ի՝ Հայաստանում բազմանում է մայիսից սեպտեմբեր, ծնում է 4–9 ձագ։

Ընդհանուր արեալ

հանդիպում է Թուրքիայում, Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանի Հյուսիսային Կովկասում, Ադրբեջանում և Իրանում։ Հայաստանում հայտնի է Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից։

Տարածումը Հայաստանում

Ըստ Даль, 1954-ի՝ «S. minutus volnuchini» անվամբ հայտնի է Ալավերդու, Կիրովականի (այժմ՝ Վանաձոր), Իջևանի և Կապանի շրջանների անտառային գոտուց, տեղ-տեղ՝ լեռնատափաստանային գոտու թփուտներից (Սևանի շրջան, Սեմյոնովկա) և քարակույտերից մինչև ալպյան գոտի. ամենաբարձր գտածոն Արագածի լանջերի քարակույտերում է՝ 3200 մ։

Պահպանության կարգավիճակ

Հայաստանի Կարմիր գրքում (2010) ընդգրկված չէ։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գնահատված է որպես «Least Concern» (LC, չվտանգված) (IUCN)։

Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։