Նկարագրություն
Ունեն մարմնի մանր և միջին չափսեր։ Սեռահասուն առանձնյակների մարմնի երկարությունը կազմում է 175-290 մմ, պոչի՝ 35-60 մմ, ականջի երկարությունը՝ 5-7,5 մմ, թաթինը՝ 30-41 մմ, կենդանու քաշը՝ մինչև 430 գր.։ Գանգի երկարությունը 42-47,6 մմ է, լայնությունը՝ 23,6-32 մմ, միջաչքային հեռավորությունը՝ 8,2-10 մմ։ Վերին դիաստեմայի երկարությունը կազմում է 10,9-12,8 մմ, վերին սեղանատամների շարքի երկարությունը՝ 9,4-10 մմ։ Մեջքի գունավորումը բավականին բաց երանգների է՝ դարչնագույն-մոխրագույնից մինչև դեղնավուն՝ թույլ արտահայտված բծերով։ Գլխի գունավորումը միատոն է, աչքերի շուրջ առկա է սպիտակ օղակ։ Փորի և կողքերի գունավորումը չի տարբերվում, բաց է՝ դեղին երանգով։
Ապրելավայր
Հանդիպում են կիսաանապատային, տափաստանային, լեռնամարգագետնային լանդշաֆտներում մինչև 2500 մ բարձրության վրա։ Բնակվում են քարքարոտ սարալանջերում, խոշոր քարաբեկորներով ափամերձ հովիտներում, վարելահողերի շրջակայքում, հազվադեպ մարդածին տարածքներում՝ գերեզմանատներում, լքված գյուղերում և այգիներում։ Բնակվում են ինքնաշեն բներում։ Տարբերում են 2 տիպի բներ՝ ժամանակավոր կամ պաշտպանական և հիմնական կամ բնային։ Ժամանակավոր բներն ունենում են 0.5-1.5 մ խորություն և ապաստարան են հանդիսանում անձրևից, արևից կամ թշնամիներից։ Մեկ բունը միաժամանակ կարող են օգտագործել 10-15 կենդանի։ Հիմնական բները սովորաբար կառուցվում են ժամանակավոր բների հիման վրա՝ լրացուցիչ խցիկների ավելացմամբ։ Հիմնական (բնային) խցիկը գտնվում է մինչև 3 մ խորության վրա։ Բացի բնային խցիկից կան նաև պահեստարան և զուգարան։ Գետնասկյուռը հիմնականում խոտակեր է, սակայն ձմեռային քուն մտնելուց առաջ պահեստավորում է վայրի և մշակովի հացազգիների սերմեր, հաճախ նաև սոխուկներ և արմատապտուղներ։
Ակտիվություն և սնունդ
Ցերեկային կենսակերպ վարող կենդանիներ են։ Ձմեռային քնից դուրս են գալիս տարբեր ժամանակահատվածներում՝ պայմանավորված ուղղահայաց տարածվածությամբ և տարվա գարնանային եղանակով, սկսած փետրվարի վերջից մինչև ապրիլի վերջը։
Բազմացում
Բազմանում են տարին մեկ անգամ։ Սեռական ակտիվությունը սկսվում է ձմեռային քնից դուրս գալուց մեկ շաբաթ անց։ Հղիությունը տևում է 28-30 օր։ Ծնվում են 4-6 ձագ՝ ապրիլից-մայիս ընկած ժամանակահատվածում։
Տարածումը Հայաստանում
ՀՀ-ում այս տեսակը հանդիպում է Լոռվա, Շիրակի և Արագածոտնի մարզերում, երբեմն, բավականի հազվադեպ, նաև Արմավիրի մարզի արևմտյան շրջաններում։
Պահպանության կարգավիճակ
Այս տեսակը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում նեղ արեալային վտանգված (EN) տեսակ կարգավիճակով։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գրանցված է անհետացման վտանգի եզրին կարգավիճակով (NT- Near Threatened)։
Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։