Նկարագրություն
Հասուն առանձնյակների միջին զանգվածը՝ մոտ 542 գ (Myhrvold et al., 2015)։
Ապրելավայր
Օրն անցկացնում է սեփական կամ այլ կենդանիներից զավթած բնում։
Ակտիվություն և սնունդ
Ակտիվ է հիմնականում մթնշաղին կամ գիշերը, երբեմն որսում է նաև ցերեկը։ Բազմացման շրջանից դուրս ապրում է միայնակ․ առանձնյակների տարածքները կարող են համընկնել, սակայն մենամարտեր գրեթե չեն լինում, քանի որ կենդանիները խուսափում են միմյանցից։ Վտանգի դեպքում խայտաքիսը ցցում է մազերը և պոչն ուղղում առաջ, որի նախազգուշացնող գունավորումը պետք է վախեցնի թշնամուն։ Եթե դա չի օգնում, հետանցքային գեղձից կարող է ցողել չափազանց տհաճ հոտով արտազատուկ։ Սննդակարգում են մանր կրծողները և գետնասկյուռները, որսում է մանր թռչուններ և նրանց ձագերին, ավերում է բները, որսում է սողուններ, երբեմն սնվում է միջատներով։
Բազմացում
Բազմանում է, հավանաբար, ձմռան վերջում․ հղիությունը տևում է մոտ 2 ամիս, որից հետո՝ ապրիլ–մայիսին, ծնում է 4–8 ձագ (ՀՀ Կարմիր գիրք, 2010)։ Միջին տվյալներով՝ ձագերի միջին թիվը մեկ ծնում՝ 5,8, ծնունդների միջին թիվը տարեկան՝ 1,1, հղիությունը՝ մոտ 61 օր, կաթով կերակրումը՝ մոտ 30 օր, էգերի սեռահասունացումը՝ մոտ 3 ամսականում, առավելագույն հայտնի կյանքի տևողությունը՝ 9 տարի (Myhrvold et al., 2015)։
Տարածումը Հայաստանում
Հայաստանում լեռնային տափաստանների բնակիչ է․ հանրապետության հարավում թափանցում է Սյունիքի մարզի կիսաանապատային գոտի, իսկ արևելքում արեալը հասնում է Կոտայքի մարզի Զար գյուղի շրջակայքի նախալեռներ։ Հյուսիսում և հյուսիս-արևմուտքում արեալը համընկնում է գետնասկյուռի տարածման սահմանի հետ և ընդգրկում է Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերը։
Պահպանության կարգավիճակ
ՀՀ Կարմիր գրքի (2010) տվյալներով՝ հանդիպում է Հայաստանի համարյա բոլոր շրջաններում, ծովի մակարդակից 1000–2000 մ բարձրություններում (Даль, 1954-ի տվյալներով՝ 1255–1700 մ)․ բնակեցնում է կիսաանապատներ, լեռնային չոր տափաստաններ, լեռնային մարգագետնատափաստաններ և ենթալպյան մարգագետիններ, իսկ արեալը կապված է հիմնական կերի՝ կրծողների տարածման հետ։ Արեալը և էկոլոգիան ամբողջովին ուսումնասիրված չեն։ ՀՀ Կարմիր գիրք (2010)՝ «Խոցելի», VU A2c+B1b(iii)։ IUCN՝ VU (MDD, 2026)։ Հիմնական վտանգը կենսավայրերի ոչնչացումն է՝ կիսաանապատային և լեռնատափաստանային հողերի մշակումը, անասունների գարնանային արածեցումը, թունաքիմիկատների օգտագործումը։ Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Էրեբունի» արգելոցներում, «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում (ՀՀ Կարմիր գիրք, 2010)։
Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։