Նկարագրություն
Մարմնի երկարությունը 65 սմ-ից ավելի, գանգի հիմնական երկարությունը՝ 115 մմ-ից ավելի։ Ականջի մեջքային կողմը դարչնագույնից մինչև սև է, հստակ տարբերվում է մեջքի գունավորումից։ Պոչի ծայրը սպիտակ է։ Հասուն առանձնյակների միջին զանգվածը՝ մոտ 4,6 կգ (Myhrvold et al., 2015)։
Ապրելավայր
Բնակեցնում է ամենատարբեր կենսավայրեր, հանդիպում է բնակավայրերում, այդ թվում՝ խոշոր քաղաքների ծայրամասերում և զբոսայգիներում։ Բները, որոնք փորում է ինքը կամ զբաղեցնում լքված գորշուկաբները, սովորաբար տեղավորում է ժայռերում և ձորակներում։
Ակտիվություն և սնունդ
Սննդակարգը կախված է եղանակից և կենսավայրից, հիմնականում բաղկացած է մանր մկնանման կրծողներից, թռչուններից, սողուններից, գորտերից և խոշոր միջատներից, հատկապես մորեխազգիներից։ Չի խորշում լեշից և բնակավայրերի մոտ թափոններից։ Կիսաանապատային գոտում հաճախ օգտագործում է բուսական կեր (կապար)։
Բազմացում
Զուգավորումը տեղի է ունենում հունվարին, հղիությունը տևում է 49–58 օր։ Մարտին սովորաբար ծնվում է 4–6 ձագ։ Ձագերի դաստիարակությանը մասնակցում են երկու ծնողները։ Սեռահասուն են դառնում 7–8 ամսականում։ Միջին տվյալներով՝ ձագերի միջին թիվը մեկ ծնում՝ 4,7, ծնունդների միջին թիվը տարեկան՝ 1,0, հղիությունը՝ մոտ 52 օր, կաթով կերակրումը՝ մոտ 50 օր, էգերի սեռահասունացումը՝ մոտ 10 ամսականում, առավելագույն հայտնի կյանքի տևողությունը՝ 21 տարի (Myhrvold et al., 2015)։
Ընդհանուր արեալ
Լայնորեն տարածված է ամբողջ Եվրասիայում (բացի ծայր հարավ-արևելքից), Հյուսիսային Ամերիկայում, Աֆրիկայի ծայր հյուսիսում, կլիմայավարժեցված է Ավստրալիայում։
Տարածումը Հայաստանում
Հայաստանում հանդիպում է բոլոր լանդշաֆտային գոտիներում՝ չոր մերձարևադարձային գոտուց և կիսաանապատներից մինչև անտառային գոտի և ալպյան մարգագետիններ ներառյալ՝ ծ.մ. 545–3800 մ (Даль, 1954)։
Պահպանության կարգավիճակ
IUCN՝ LC։
Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։